շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ադրբեջանական իշխանությունները պատասխանատվություն են կրում այսօր ՀՀ 2 զինծառայողներին սպանելու, նրանց կյանքի իրավունքը խախտելու համար. ՄԻՊ

Ադրբեջանական իշխանությունները պատասխանատվություն են կրում այսօր ՀՀ 2 զինծառայողներին սպանելու, նրանց կյանքի իրավունքը խախտելու համար. ՄԻՊ

Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվություն են կրում ՀՀ 2 զինծառայողի սպանության ու այլ զինծառայողների առողջությանը վնաս պատճառելու, ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգությունը խաթարելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

՛՛Այսօր՝ ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը հատկապես ինտենսիվ կրակ են բացել ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորաբակ, Վերին Շորժա և Ներքին Շորժա գյուղերի հարևանությամբ տեղակայված ՀՀ Զինված ուժերի դիրքերի ուղղությամբ: Հրետանին լսելի է եղել նաև Կութ գյուղում:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած փաստերը հաստատում են, որ կրակը վարվում է առավելապես ադրբեջանական այն դիրքերից, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում: Խոսքը 2021թ. մայիսի ներխուժումների մասին է:

Այդ տեղակայումները ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ են՝ մարդկանց սեփականության իրավունքով պատկանող արոտավայրերում, վարելահողերում ու խոտհարքներում և զուրկ են իրավական որևէ հիմքից:

Ասօրվա ադրբեջանական հարձակումները, ինչպես հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարությունը, տեղի են ունեցել հրետանի և անօդաչու սարքեր կիրառելով:

Ագրեսիվ կրակը ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ է՝ քաղաքացիական բնակչության կյանքի ու անվտանգության, մյուս կենսական իրավունքների համար իրական վտանգավոր եղանակով:

Ուստի, ՀՀ զինված ուժերը անմիջականորեն պաշտպանում են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքն ու առողջությունը, ապահովում են մարդկանց անվտանգությունը:

Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում հանցանքների՝ Գեղարքունիքում այսօր ՀՀ 2 զինծառայողներին սպանելու, նրանց կյանքի իրավունքը խախտելու համար, վիրավորում ստացած զինծառայողների առողջությանը վնաս պատճառելու, ինչպես նաև քաղաքացիական բնակչության անվտանգությունը խաթարելու, մարդկանց նկատմամբ ագրեսիայի համար՛՛,-նշել է նա:

Հիշեցնենք, որ այսօր ՊՆ-ից հայտնել են, որ հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.), հայտնում է ՊՆ-ն:

Եվս երկու զինծառայող վիրավոր է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

  • Կիսվել: