հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ադրբեջանական իշխանությունների հայատյացության քաղաքականությունն ակտիվ է պահում հայերի դեմ թշնամանքն ամբողջ աշխարհում. ՄԻՊ

Ադրբեջանական իշխանությունների հայատյացության քաղաքականությունն ակտիվ է պահում հայերի դեմ թշնամանքն ամբողջ աշխարհում. ՄԻՊ

Ադրբեջանական իշխանությունների կողմից հովանավորվող հայատյացությունն աշխարհում երկու ժողովուրդներին թշնամանքի մեջ պահելու նպատակային քաղաքականություն է. ապացույցներ Սան Ֆրանցիսկոյում: Նման վերտառությամբ գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
 
՛՛Սան Ֆրանցիսկոյում նոյեմբերի 19-ին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի և ԱՄՆ հայ հայտնի փաստաբան Կարօ Ղազարեանի ուղեկցությամբ այցելեցի Սուրբ Գրիգոր լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցի ևԳռուզեան-Զաքարեան-Վասպուրական ազգային վարժարան, որոնք անցյալ տարի հարձակման էին ենթարկել ադրբեջանական հանցավոր խմբեր:
 
Մասնավորապես, եկեղեցին հրդեհվել էր 2020թ. սեպտեմբերին: Հուլիսին վարժարանն էր ենթարկվել վանդալիզմի՝ պատերին հայերի դեմ ադրբեջանական ատելության ու թշնամանքի խոսքերով:
 
Դրանից հետո՝ 2020թ. սեպտեմբերի 21-ին հրազենից կրակել էին վարժարանի վրա: Ընդ որում, վարաժարանը մանկապարտեզի տարիքից մինչև 8-րդ դասարանի երեխաների համար է:
Եկեղեցիում տեղի ունեցան քննարկումներ Smpad G. Saboundjian-ի, իսկ վարժարանում՝ տնօրենի, մանկավարժական կոլեկտիվի և երեխաների հետ: Նրանք հաստատեցին ահաբեկող հարձակումները և ներկայացրին հարձակումների իրենց հայտնի մանրամասները:
 
Այս արարքները հակադրվում են մարդու իրավունքներին ու ժողովրդավարությանը, ոտահարում են բռնությունից զերծ լինելու, երեխաների շահերի, խղճի և կրոնի ազատության և այլ կենսական իրավունքներ:
 
Դրանք ապացուցում են, որ ադրբեջանական իշխանությունների հայատյացության քաղաքականությունը տարածում է և ակտիվ պահում հայերի դեմ թշնամանքն ամբողջ աշխարհում, լարվածության մեջ է պահում երկու ժողովուրդներին, վտանգում է այլ երկրներում մարդու իրավունքների համակարգն ու պահում մթնոլորտը լարվածության մեջ։
 
Նշված հանցավոր արարքների քննությունն իրականացնում է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI)՝ որպես ատելության շարժառիթով կատարված հանցանքներ:
Կալիֆորնիա իմ այցը կազմակերպվել էր Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի (The Armenian National Committee of America-Western Region (ANCA-WR) ANCA Western Region աջակցությամբ՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: