ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Աբսուրդ» տեղեկատվություն է․ Արա Ֆիդանյանը՝ ոստիկանության կողմից բիրտ ուժ կիրառելու դիմաց հավելավճար խոստանալու մասին

«Աբսուրդ» տեղեկատվություն է․ Արա Ֆիդանյանը՝ ոստիկանության կողմից բիրտ ուժ կիրառելու դիմաց հավելավճար խոստանալու մասին

Նախ, բռնության ընդամենը առերևույթ մեկ դեպք ունենք, որով նախապատրաստվում են նյութեր, մնացած դեպքերում, որպես այդպիսին, բռնություն տեղի չի ունեցել, տեղի են ունեցել իրավաչափ գործողությունները և եթե հետագայում որևէ հանգամանք ի հայտ կգա, միանշանակ, դրանցով համապատասխան հայտարարությամբ հանդես կգանք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ է ոստիկանությունը բռնություն կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ:

«Ոտքով խփելը կամ կողոսկրերը ջարդելը. մենք ունենք, կրկնվեմ, ընդամենը մեկ առերևույթ դեպք, որով արդեն իսկ նյութեր են նախապատրաստվում, մնացյալ դեպքերում նույնիսկ քրեադատավարական կարգավորումներով անձին բերման ենթարկելն իրենից ներկայացնում է տվյալ անձի նկատմամբ որոշակի ուժի կիրառում: Եթե անձը չի ենթարկվում ոստիկանության օրինական պահանջներին և կատարում է իրավախախտում, ապա այդ անձը պետք է բերման ենթարկվի»,- ասաց փոխոստիկանապետը:

Լրագրողի այն հարցին, թե երեկ տեղեկություն է տարածվել, որ այն ոստիկանները, որոնք «բիրտ ուժ» կկիրառեն կստանան հավելավճար, Ֆիդանյանն ասաց, որ դա «աբսուրդի» հասնող տեղեկատվություն  է.

«Դա տարրական մանիպուլացիաներ են, ես ապշում եմ, թե ինչպես կարող են լրատվամիջոցները դրան, նույնիսկ, անդրադարձ կատարել, որովհետև դա ցանկացած տրամաբանությունից դուրս է գտնվում»,- ասաց Ֆիդանյանն ու հավելեց, որ «պետք է խնդրեմ, եթե մենք կիրառում ենք որոշակի եզրույթներ, հատկապես այն դեպքում, որոնք   իրավական առումով որոշակի հետևանքներ ունենա: Օրիանակ՝ «բիրտ ուժ» ասվածը, որպես այդպիսին գոյություն չունի, գոյություն ունի իրավական կարգավորումների առումով անհամաչափ ուժի կիրառում»:

Նրա խոսքով, մնացյալը որոշակի իրավական կարգավորումների մեջ չեն տեղավորվում:

Իսկ լրագրողի դիտարկմանը, թե ոստիկանության բարեփոխումների մասին խոսելիս՝ արդյոք սա են նկատի ունեցել, Արա Ֆիդանյանն ասաց, որ բարեփոխվելու մշտապես տեղ կա.

«Այո՛, այս անգամ դեպք տեղի ունեցել է, երբ միգուցե էմոցիոնալ ֆոնից ելնելով, ազդեցության տակ գտնվելով, ոստիկանության աշխատակիցն անհամաչափ ուժ է կիրառել՝ ինչը միանշանակ ընդունելի չէ մեզ համար ևս: Ըստ էության, այժմ հայտարարում եմ, որ ծառայողական քննության 9 դեպք ունենք այս պահի դրությամբ »,- ասաց նա:

  • Կիսվել: