կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
2024-ի իրականացվելիք ծրագրով պլանավորվում է ծախսել 17,4 միլիարդ դրամ, որը 4,5 միլիարդ դրամով ավելացել է նախորդ տարվա համեմատ. Քյարամյան

2024-ի իրականացվելիք ծրագրով պլանավորվում է ծախսել 17,4 միլիարդ դրամ, որը 4,5 միլիարդ դրամով ավելացել է նախորդ տարվա համեմատ. Քյարամյան

Քննչական կոմիտեի՝ 2024 թվականի բյուջեի հայտով իրականացվելու է 1 հիմնական ծրագիր, որում ընդգրկված է 6 միջոցառում: Այդ մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:

Ըստ ՔԿ նախագահի՝ 2024-ի իրականացվելիք ծրագրով պլանավորվում է ծախսել 17,4 միլիարդ դրամ, որը 4,5 միլիարդ դրամով ավելացել է նախորդ տարվա համեմատ: Ավելացումը պայմանավորված է քննիչների վարձատրության բարձրացումով:

Ծրագրի շրջանակում իրականացվելու է քրեական գործերով վարույթի իրականացման միջոցառումը:

«2024-ի համար նախատեսվել է 16,8 միլիարդ դրամ, որը 2023-ի համեմատ աճել է 4,6 միլիարդ դրամով՝ վերը նշված նկատառումներից ելնելով»,- ասաց նա՝ նշելով, որ միջոցառման շրջանակներում տրվող հատկացումների շուրջ 90 տոկոսը ուղղվելու է աշխատանքի վարձատրությանը, իսկ մնացած 10 տոկոսը՝ ծառայությունների, ապրանքների ձեռքբերման ու պարտադիր վճարների իրականացմանը:

Անդրադառնալով քրեական գործերով վարույթի իրականացման միջոցառմանը՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը նկատեց՝ վարույթների թիվը 2023-ին մոտ 85 հազար էր, սակայն 2024-ին նախատեսվել է 183 հազար, մինչդեռ հաջորդ տողով դատարան ուղարկված քրեական վարույթների թիվը նախատեսվել է ընդամենը 6600:

ՔԿ նախագահը պարզաբանեց՝ Քրեական դատավարության նոր օրենսգրքով պարտավորություն են ստանձնել՝ վերսկսելու նախկինում կասեցված շուրջ 100 հազար քրեական վարույթները:

«Դրանք այսուհետ որպես ընթացիկ վարույթներ են քննվելու, և հետայսու որևէ գործ չի կասեցվելու: Պետք է Ձեզ խնդրեմ, որ հրապարակվելիք վիճակագրական տվյալներում այս հանգամանքը հաշվի առնեք»,- ասաց նա:

  • Կիսվել: