ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
2021 թվականին ավելացել է ապօրինի շրջանառությունից առգրավված թմրամիջոցների ընդհանուր քանակը

2021 թվականին ավելացել է ապօրինի շրջանառությունից առգրավված թմրամիջոցների ընդհանուր քանակը

Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ահագնացող ցուցանիշներ ներկայացրեց թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների ոլորտում։ Նրա խոսքով, 2021 թվականի ընթացքում ավելացել է ապօրինի շրջանառությունից առգրավված թմրամիջոցների ընդհանուր քանակը։

«Հատկապես ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ նախորդ տարվա համեմատությամբ աճել է ապօրինի շրջանառությունից հանված առավել բարձր վտանգավորություն ներկայացնող այնպիսի թմրամիջոցների քանակը, ինչպիսիք են՝  հերոինը, կոկաինը, մեթամֆետամինը։ Եթե 2019 թվականին հայտնաբերվել և առգրավվել է 91 գրամ կոկաին, ապա 2021 թվականին մոտ 1 կգ կամ 10 անգամ ավել,եթե  2019 թվականին առգրավվել է 13 կգ հերոին, ապա հաշվետու տարում 434 կգ կամ 33 անգամ ավելի»,- ասաց Դավթյանը։

Գլխավոր դատախազի խոսքով՝ կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ վերջին տարիներին հատկապես մեծ ծավալներ են ստացել սոցիալական ցանցերի, համացանցային հեռահաղորդակցության համակարգերի, առավելապես  «Տելեգրամ»-ի օգտագործմամբ թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքերը։

«Միայն մեկ գործով իրականացված դատավարական և օպերատիվ հետախուզական համագործակցված միջոցառումների արդյունքում բացահայտվել են տևական բնույթ կրող առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և դրա արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման դեպքեր, քրեական հետապնդում է հարուցվել և իրականացվում շուրջ 2 տասնյակ անձանց նկատմամբ, որոնցից 10-ը ներկայումս կալանավորված են, հայտնաբերվել և վերցվել են առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցներ, բացահայտվել է էլեկտրոնային դրամապանակներով ու տարբեր հաշիվներով շրջանառվող շուրջ մեկ միլիոն դոլար»,- ասաց Դավթյանը։

Ըստ  Արթուր Դավթյանի՝մի շարք այլ քրեական գործերով ձեռք բերված տվյալները վկայում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար բացված և շահագործվող բազմաթիվ համացանցային ռեսուրսների առկայության մասին, որոնցում իրականացվում է թմրամիջոցների բացահայտ գովազդ, տեղադրված են տեղեկություններ առաջարկվող թմրամիջոցների տեսակների, չափաբաժինների և դրանց արժեքի վերաբերյալ։

« Ցավոք, այս մարտահրավերներին բախվում են բոլոր, այդ թվում՝ զարգացած և հզոր պետությունները։ Իհարկե, մեր բացահայտումների արդյունքում մոբիլիզացված ուժերով քրեական հետապնդման բոլոր մարմինները պլանավորել և ձեռնարկում են անհրաժեշտ կանխարգելման և բացահայտման միջոցներ, սակայն այդ աշխատանքները ցանկալի արդյունք չեն ապահովի, եթե չունենանք լայն հանրային ադեկվատ արձագանք, պարսավանք ու դաստիարակչական վերահսկողական լայնամասշտաբ ճակատ այս չարիքի դեմ։ Հանրային չափազանց մեծ վտանգ ներկայացնող այս չարիքի համար պարարտ հող է ստեղծում հանրային անտարբերությունն ու լոյալությունը, ինչը հղի է ցավագին հետևանքներով, հատկապես անչափահասների շրջանում, դրանց տարածվածության ռիսկերի պայմաններում».

Գլխավոր դատախազը կոչ արեց հատկապես ուսումնական, դաստիարակչական հաստատությունների ներկայացուցիչներին, բոլոր ծնողներին և ողջ հանրությանը ամենայն զգոնությամբ և բացահայտ մերժողականությամբ ու նաև հետևողականությամբ հակազդել թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը, համագործակցելով իրավապահ մարմինների հետ։

  • Կիսվել: