շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
2021 թվականի ընթացքում բացահայտվել է ապօրինի ծագում ունեցող 94 անշարժ, 23 շարժական գույք․ Դավթյան

2021 թվականի ընթացքում բացահայտվել է ապօրինի ծագում ունեցող 94 անշարժ, 23 շարժական գույք․ Դավթյան

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ծանրաբեռնված և մեծ ծավալի աշխատանքներ է իրականացնում:

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը:
 

«2021 թվականի ընթացքում վարչության վարույթում գտնվել է 279 անձի վերաբերյալ ուսումնասիրություն: Տարվա ավարտին ավարտված են եղել 14 անձի վերաբերյալ ուսումնասիրություններ, որոնցով բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 94 անշարժ, 23 շարժական գույք, 27 միլիարդ դրամ գումար»,- ասաց Դավթյանը:

Գլխավոր դատախազի խոսքով` այս պահի դրությամբ դատարան է ներկայացվել 6 հայց, որոնցով ամբողջ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի դրամական արժեքը կազմում է 40 միլիարդ դրամ:

«Այս աշխատանքը մեծ դժվարությամբ է իրականացվում, նորամուծություն է մեր երկրի օրենսդրության մեջ, մեր պրակտիկայում, բայց դատախազության համապատասխան ստորաբաժանումը գործընկեր այլ իրավապահ մարմինների հետ միասին ջանք չեն խնայում, որպեսզի այդ բոլոր դժվարությունները օպերատիվ և արդյունավետ կերպով հաղթահարվեն»,- եզրափակեց Դավթյանը:

  • Կիսվել: