չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
16 և 17 տարեկան պատանիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ

16 և 17 տարեկան պատանիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ

Դեկտեմբերի 10-ին, կեսգիշերն անց, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ գանգուղեղային տրավմայով, գլխի և վերին վերջույթների բազմաթիվ կտրած-ծակած ու պատռված վերքերով բուժօգնության են տեղափոխվել Արարատի մարզի Այգեզարդ գյուղում բնակվող 17 և 16 տարեկան երկու պատանի։ 16 տարեկան պատանին հայտնել էր, որ ծեծկռտուքի ժամանակ սուր-կտրող առարկայով խփել են իրեն:
Հիվանդանոց մեկնեց Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը։ Նրանք Արարատի մարզային վարչության ոստիկանների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ դեկտեմբերի 9-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Այգեզարդի դպրոցի մոտ անձնական հարցերի շուրջ վիճել էին հիվանդանոց տեղափոխված տղաները և նույն գյուղում բնակվող 15-ամյա մի պատանի։ Վեճի ընթացքում բուժհաստատություն տեղափոխված 17-ամյա տղան դանակով խփել էր 16-ամյա պատանուն, նա էլ ընկերոջ հետ ձեռքերով հարվածել էին նրան։ Դեկտեմբերի 10-ին՝ 16-ամյա, իսկ դեկտեմբերի 12-ին՝ 15-ամյա պատանիները հայտաբերվեցին ու ձերբակալվեցին։ Ձերբակալվածները ներկայացվել են Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: