կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
1 տարի առաջ Արզնիի խճուղում 6 մարդու կյանք խլած վթարի գործը դատարանում է. ամբաստանյալը մեղադրանքը չի ընդունում

1 տարի առաջ Արզնիի խճուղում 6 մարդու կյանք խլած վթարի գործը դատարանում է. ամբաստանյալը մեղադրանքը չի ընդունում

Մեկ տարի առաջ Արզնիի խճուղում 6 մարդու կյանք խլած ավտովթարի գործը դատարանում է։ 2022 թվականի փետրվարի 20–ին, Արզնիի խճուղու միջնամասում, երեք մեքենաների մասնակցությամբ վթար էր տեղի ունեցել, որի հետեւանքով «ВАЗ 21061» մակնիշի մեքենայի վարորդն ու 4 ուղեւորները՝ Վաչագան Պետրոսյանը, Արմինե Պետրոսյանը, Վահե Պետրոսյանը, Գյուլնարա Պետրոսյանը, Մելինե Գասպարյանը տեղում մահացել էին:

5-րդ ուղեւորը՝ Վանուհի Պետրոսյանը, գանգուղեղային ծանր վնասվածքներով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, գիտակցության չգալով վեց ամիս անց մահացել է։ Այս տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գեւորգ Դերձյանը։

NEWS.am-ի հարցմանն ի պատասխան՝  Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական գործը նախորդ տարվա օգոստոսի 5-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։

«Նախաքննությամբ պարզվել է, որ Ռազմիկ Դավթյանը ոչ սթափ վիճակում վարելով իրեն պատկանող «BMW X5» ավտոմոբիլը, Աբովյան քաղաքի Արզնու խճուղում խախտելով «Ճանապարհային երթեւեկության կանոնները եւ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների եւ պայմանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության № 955-Ն որոշման № 1 հավելվածի (այսուհետեւ՝ ՃԵԿ) Ձեւ N 2, ՃԵԿ-ի 2֊րդ, 65-րդ կետերի եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23–րդ հոդվածի 3–րդ մասի պահանջները եւ հանդիպակաց ուղղությունների երթեւեկելի ուղեմասերը միմյանցից բաժանող հոծ գիծ գծանմուշը հատելու՝ ավտոմեքենան հանդիպակաց ուղղության երթեւեկելի ուղեմաս դուրս բերելու եւ ձախակողմյան երթեւեկություն իրականացնելու արդյունքում բախվել է հանդիպակաց երթեւկող Վաչագան Պետրոսյանի վարած «ВАЗ 21061» մակնիշի մեքենային, որի հետեւանքով տեղում մահացել են վարորդն ու 4 ուղեւորները, իսկ 5-րդ ուղեւորը ստացել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածք, որից հետո Ռազմիկ Դավթյանը թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, դիմել է փախուստի»,- հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից:

Ըստ Դատական-տեղեկատվական համակարգի՝ գործը քննվում է դատավոր Հովհաննես Ավագյանի նախագահությամբ։ Նախնական դատալսումների փուլում դատավորը անփոփոխ է թողել ամբաստանյալ Ռազմիկ Դավթյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվախ կալանավորումը։

Հունվարին պաշտպանական կողմը դատավոր Հովհաննես Ավագյանի նկատմամբ ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել, դատարանը, սակայն, մերժել է այն։

Հիշեցնեք՝ վթարից որոշ ժամանակ անց իրավապահներին է ներկայացել Բյուրեղավանի բնակիչ Սամսոն Դավթյանը ու հայտնել, թե BMW X5–ը ինքն է վարել։ Սակայն իրավապահները պարզել են, որ վթարի պահին մեքենայի ղեկին եղել է Ռազմիկ Դավթյանը՝ Սամսոն Դավթյանի որդին։ Հայրն, ըստ այդ վարկածի, փորձել է իր վրա վերցնել մեղքը։ Գիշերը ժամը 4.30-ին, Արմավիր քաղաքի տներից մեկում հայտնաբերվել ու բերման էր ենթարկվել  նրա որդին՝ Ռազմիկ Դավթյանը, որը խոստովանական ցուցմունք էր տվել, ձերբակալվել, ապա կալանավորվել։

Ռազմիկ Դավթյանը հետագայում իր ցուցմունքներով ընդունել է, որ վթարին նախորդող պահին ինքն է վարել իրեն պատկանող BMW X5-ը։ Բացի այդ, Ռազմիկ Դավթյանն իր ցուցմունքներում հայտնել է, որ դեպքից անմիջապես հետո չի ներկայացել որպես BMW X5–ի  վարորդ, քանի որ վախեցել է վթարի հետեւանքով մահացած անձանց հարազատների հնարավոր հաշվեհարդարից:

Ռազմիկ Դավթյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Պաշտպան Վահագն Ջիվանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ գործն այս պահին ապացույցների հետազոտության փուլում է։

«Ուզում եմ փաստել, որ գործն աղավաղված է, փաստական տվյալները կեղծված են, դեպքի վայրի զննության ելակետային տվյալները նույնպես կեղծված են։ Մենք լրացուցիչ չափ ու ձեւ ենք արել դեպքի վայրում, բավականին մեծ տարբերություն է տալիս, սրանից հետեւում է նոր փորձաքննություն ու զննություն պետք է կատարվի, այսինքն՝ զրոյից պետք է քննություն իրականացնել, որ հանգամանքները պարզվեն՝ ո՞վ է մեղավորը, ո՞վ է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում կատարել։ Ուզում եմ նաեւ արձանագրել, որ այդ ճանապարհը ո՛չ գծանմուշ է ունեցել, ո՛չ երթեւեկությունը կարգավորող նշաններ, ու այդ պայմաններում հետեւություն են արել, որ իմ պաշտպանյալը հոծ գիծը խախտելով մտել է հանդիպական երթեւեկելի ուղեմաս»,– նշեց պաշտպան Վահագն Ջիվանյանը՝ հավելելով, որ Ռազմիկ Դավթյանը ապօրինի է մնում կալանքի տակ։

  • Կիսվել: