կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ժողովուրդը կորոշի՝ հրաժարվենք Անկախության հռչակագրից, թե ոչ․ Վլադիմիր Վարդանյան

Ժողովուրդը կորոշի՝ հրաժարվենք Անկախության հռչակագրից, թե ոչ․ Վլադիմիր Վարդանյան

 Նոր Սահմանադրություն կլինի, թե ոչ, այդ նոր Սահմանադրության տեքստն ինչպիսին կլինի, արդյոք այնտեղ կլինի Անկախության հռչակագրի դրույթներին հղում, թե ոչ՝ որոշելու է ժողովուրդը՝ սահմանադիրը։ Այսօր ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
 
Ըստ նրա՝ Սահմանադրությունը երկու ձևով է պետք դիտարկել՝ որպես բուն տեքստ և որպես քաղաքացիների կամք։ Նրա կարծիքով՝ Սահմանադրությունն ապրող փաստաթուղթ է, հասարակական հարաբերությունների զարգացման որոշակի փուլում կարիք է առաջանում սահմանադրի կարծիքը սահմանադրի քվեի առկայության պարագայում փոփոխելու կամ վերանայելու։
 
«ՀՀ-ն ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը, որ անկախությունից հետո քննարկում է իրականացնում ոչ միայն սահմանադրական բարեփոխումների, այլ նոր Սահմանադրության տեքստի հետ կապված»,- ասաց Վարդանյանը։
 
Ինչ վերաբերում է ընդդիմության կողմից բարձրաձայնվող կասկածներին, որ նոր Սահմանադրության մեջ չի լինելու հղում «Անկախության հռչակգրին», Վարդանյանը նկատեց՝ գործող Սահմանադրության մեջ կա հղում ոչ թե Անկախության ամբողջ հռչակագրին, այլ առանձին դրույթներին, և դա արվում է ոչ թե հիմնական տեքստում, այլ՝ նախաբանում։ Այն, թե նոր Սահմանադրության մեջ հղումը կլինի, թե ոչ, կամ կլինի ավելի մեծ կամ փոքր ծավալով, որոշելու է ժողովուրդը։
 
«Միշտ դեմ եմ եղել Սահմանադրությունը շաբաթը մեկ փոխելու փորձերին, դեմ եմ նաև Սահմանադրությունը որպես «սրբազան կով» դիտարկելուն։ Ապրող փաստաթուղթ է, այն պետք է ապրի և զարգանա»,- ասաց Վարդանյանը։
Նա նաև հավելեց, որ նոր Սահմանադրության տեքստի ստեղծման վերաբերյալ վերջնական որոշում չկա, կան գաղափարներ, որոնք քննարկվում են։

  • Կիսվել: