չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
ժողովուրդը, իրոք, ունի եվրոպական հավակնություններ. Միրզոյան

ժողովուրդը, իրոք, ունի եվրոպական հավակնություններ. Միրզոյան

Ապրիլի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպական միության խորհրդի քաղաքական և անվտանգային հարցերով կոմիտեի պատվիրակությանը։

Ողջույնի խոսքում ՀՀ ԱԳ նախարարը մասնավորապես ասել է. «Այժմ մենք գտնվում ենք ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները խորացնելու գործընթացում: Պետք է հիշեմ հանրապետության վարչապետի հայտարարությունը Եվրախորհրդարանում. «Մենք պատրաստ ենք մերձենալ Եվրամիությանը այնքան, որքան ընդունելի կլինի Եվրամիության կողմից», ուստի սա մեր հարաբերությունների ներկա վիճակի ամենաճիշտ ձևակերպումն է:

Մենք ունենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ), հիմա մենք ուսումնասիրում ենք այն, ինչ կարելի է անել համատեղ այն ամենի առնչությամբ, ինչը դուրս է ՀԸԳՀ-ից: Մենք ունենք տնտեսական և ներդրումային պլան, ունենք առաջնային նախաձեռնություններ, որոնք այս պահին քննարկվում են Եվրամիության հետ: Մենք դա անվանում ենք աջակցություն Հայաստանի Հանրապետության դիմակայունությանը, քանի որ գիտենք, որ գործընթացները, որոնք տեղի են ունենում ամբողջ աշխարհում, հատկապես մեր տարածաշրջանում, կարող են ունենալ մի փոքր անկանխատեսելի, ոմանց կարծիքով էլ՝ անխուսափելի հետևանքներ:

Այս մարտահրավերներին դիմակայելու համար դուք և մենք միասին պետք է բարձրացնենք Հայաստանի Հանրապետության դիմակայունության մակարդակը, ներառյալ տնտեսական դիմակայունությունը: Գիտենք, որ կարող ենք ունենալ որոշ մարտահրավերներ էներգամատակարարման ոլորտներում, կարող ենք ունենալ մարտահրավերներ ապրանքներն ավանդական շուկաներում վաճառքի իմաստով: Այնպես որ, կա շատ խոր պատկերացում, թե ինչ կարող ենք լինել և ինչ պետք է անենք միասին Հայաստան-ԵՄ հարաբերությունների առումով: Մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ, ու որտեղ այս ճանապարհը մեզ կբերի, դժվար է ասել հենց հիմա, բայց մենք բաց ենք բազմաթիվ հնարավորությունների համար: Ուստի, ինչ կարող եմ ավելացնել այս զրույցին այն է, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, իրոք, ունի եվրոպական հավակնություններ, և մենք կառաջնորդվենք այդ հավակնություններով:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային մարտահրավերների հարցերին: Դուք գիտեք, որ մենք բանակցում ենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ, այնտեղ կա մի քանի էական կետ, դրույթ, որտեղ կողմերի դիրքորոշումները հեռու են միմյանցից: Առաջին հերթին դա տարածքային ամբողջականության ճանաչումը և սահմանազատման հետագա գործընթացի հիմքը համաձայնեցնելու հարցերն են:

Կարող եք վերլուծել բարձր մակարդակի մի քանի հանդիպումներ, ոչ միայն երկկողմ հանդիպումները, նաև եռակողմ, քառակողմ հանդիպումները, Ադրբեջանի, մեր վարչապետի մասնակցությամբ որոշ հանդիպումներ Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, Գերմանիայի կանցլերի հետ: Հանդիպումներից մեկն էլ անցկացվել է Ռուսաստանի նախագահի ներկայությամբ:

Այս հանդիպումների արդյունքում նրանք սովորաբար հանդես են գալիս հրապարակային հայտարարություններով: Դրանցում մեր վարչապետը և Ադրբեջանի նախագահը վերահաստատեցին, որ երկու երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Ալմաթիի հռչակագրի համաձայն: Նրանց համար, ովքեր չգիտեն, սա հռչակագիր է, որը ստորագրել է ԽՍՀՄ նախկին 11 հանրապետությունը: Դա յուրատեսակ քաղաքակիրթ ամուսնալուծության փաստաթուղթ էր, ուստի այս հռչակագրում 11 երկրիրն առաջին հերթին ընդունում է, որ Խորհրդային Միությունը դադարում է գոյություն ունենալուց: Ի թիվս այլ բաների, նրանք ճանաչել են, որ իրենց միջև նախկին վարչական սահմանները որպես խորհրդային սոցիալիստական հանրապետություններ այժմ դարձել են միջազգայնորեն ճանաչված միջպետական սահմաններ նորանկախ պետությունների միջև: Հայաստանն ու Ադրբեջանն այս պետությունների թվում էին, հետևաբար նրանք վերահաստատեցին այս ճանաչումը, նաև ասացին, որ Ալմաթիի հռչակագիրը պետք է լինի հետագա սահմանազատման գործընթացի հիմքը: Կարճ ասած՝ սահմանազատման հանձնաժողովները պետք է վերականգնեն միայն այն սահմանագիծը, որը գոյություն ուներ 1991 թվականին Խորհրդային Միության փլուզման ժամանակ:

Երկրորդ կարևոր կետը, որի շուրջ ընդհանուր փոխըմբռնում չկա, կապված է հաղորդակցությունների հետ: Մենք ոչ միայն բաց ենք, ոչ միայն պատրաստ ենք տրամադրել այդ հասանելիությունը, այլև շահագրգռված ենք դառնալու միջազգային տարանցման մի մասը: Այդ իսկ պատճառով մենք հանդես ենք եկել «Խաղաղության խաչմերուկ» կոչվող նախաձեռնությամբ: Դա նշանակում է, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին և այլ երկրների տրամադրել իր տարածքով անցնելու հասանելիություն, և դա վերաբերում է ինչպես մարդկանց, այնպես էլ բեռներին: Կարծում ենք, որ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների այս ապաշրջափակումը պետք է տեղի ունենա՝ մեր ինքնիշխանության նկատմամբ լիովին հարգանքով, մեր, ինչպես նաև նրանց իրավազորության, ինչպես նաև փոխադարձության և իրավահավասարության սկզբունքների համաձայն: Այնպես որ, ոչ միայն Ադրբեջանը պետք է հնարավորություն ունենա անցնել մեր տարածքով, ուղարկել իր բեռները Նախիջևան կամ այլուր, դեպի Թուրքիա, բայց նաև Հայաստանը պետք է ունենա նրանց ենթակառուցվածքից օգտվելու հասանելիություն և հնարավորություն»:

  • Կիսվել: