երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ԵՄ-ի հետ ՀՀ-ի մերձեցումը չի բացառում Ռուսաստանի հետ երկկողմ լավ հարաբերությունները․ Տիգրան Բալայան

ԵՄ-ի հետ ՀՀ-ի մերձեցումը չի բացառում Ռուսաստանի հետ երկկողմ լավ հարաբերությունները․ Տիգրան Բալայան

Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը, սպառնալիք չի ներկայացնում Մոսկվայի համար: Այս մասին Politico-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանի աշխարհագրությամբ է պայմանավորված, որ նա պատմականորեն և գործնականում այնքան շատ կապեր ունի Ռուսաստանի հետ, որ միայն երևակայողները կարող են մտածել, որ Հայաստանը ինքնասպանության քայլի կգնա՝ փորձելով խարխլել Ռուսաստանի շահերը տարածաշրջանում»:

Դեսպանի խոսքով՝ ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունները հիմնված են Հայաստանի ազգային շահերի վրա. «Ներկայումս մեր ազգային շահերը պահանջում են, որ մենք օրինակելի հարաբերություններ ունենանք ԵՄ-ի և դրա անդամ բոլոր երկրների հետ: Սա չի բացառում լավ երկկողմ հարաբերությունները Ռուսաստանի հետ, և սա այն է, ինչ մենք ցանկանում ենք բացատրել մեր ռուսաստանցի գործընկերներին»:

Լրատվամիջոցը նշում է, որ Հայաստանն այժմ դադարեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, հրավիրել է ամերիկյան զորքերին երկրում համատեղ զորավարժություններ անցկացնելու, իսկ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը՝ Ադրբեջանի հետ իր լարված սահմանի երկայնքով բախումները կանխելու համար, նաեւ ՀՀ-ն ակտիվացրել է ջանքերը՝ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները խախտելուց խուսափելու համար՝ աշխատելով կանխել զգայուն ապրանքների արտահանումը:

Սակայն, տստ Բալայանի, այդ ամենը չպետք է դիտարկել որպես «շրջադարձ դեպի Արևմուտք՝ Ռուսաստանի հաշվին»։

Այս առնչությամբ նա ասել է. «Երբ մենք քննարկում ենք այդ հարցերը ռուսաստանցի դիվանագետների հետ, և ես պատմում եմ նրանց, թե ինչ ենք անում, ես երբեք ոչ մի հակափաստարկ չեմ ստանում, թե ինչու չպետք է դա անենք, թե ինչպես Հայաստանի տնտեսության մեջ եվրոպական և ամերիկյան ներդրումները պետք է վնասեն Ռուսաստանի շահերին»:

  • Կիսվել: