Մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի. Սասուն Միքայելյան
Սահմանային իրավիճակը խառն է, պարզ է՝ ոչ բարվոք է, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը։
«Այսօր «Երկրապահը» համալրում է իր շարքերը երիտասարդներով, զբաղվում ենք ամեն ինչով, որպեսզի առաջին հրահանգի դեպքում դուրս գանք սահման։ Ժողովուրդը չպետք է վախենա, մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի», - ասաց Միքայելյանը։
Նրա խոսքով՝ այսօր Հայաստանի Հանրապետության պետական սահմաններն են վտանգված և յուրաքանչյուրը պարտավոր է այդ ուղղությամբ իր գործն անելու։
«Ժողովրդին կոչ եմ անում համախմբվել, թողնել տարբեր տեսակի ինտրիգները, կանգնել բանակի կողքին, բանակը հզորացնել։ Հիմա ես չեմ կարող ասել, թե պատերազմ կսկսի, ոչ էլ՝ չի սկսի։ Ցավում եմ, որ մենք պատմությունից չկարողացանք դասեր քաղել, միշտ նույն սխալը կրկնում ենք», - ասաց Սասուն Միքայելյանը։