երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ժողովրդին ոչխար համարելը պարտադի՞ր էր Սերժ Սարգսյանի ժամանակ պաշտոն ստանալու համար. Ալեքսանյանը՝ Անահիտ Սարգսյանին

Ժողովրդին ոչխար համարելը պարտադի՞ր էր Սերժ Սարգսյանի ժամանակ պաշտոն ստանալու համար. Ալեքսանյանը՝ Անահիտ Սարգսյանին

Այսօր՝ Ազգային ժողովում՝ ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հարց ուղղեց ընդդիմության կողմից առաջադրված թեկնածու Անահիտ Սարգսյանին:

«Տիկին Սարգսյան, եթե չեմ սխալվում, դուք նախկինում նշանակվել եք Սերժ Սարգսյանի կողմից: Հիմա ուզում եմ ձեր հրապարակային գրառումներից մեկից մեջբերում անել, ասում եք՝ «Բա՞, ոչխար ժողովուրդ, դուք մերժեցիք Սերժին ու բերեցիք Նիկոլին, բա հիմա չե՞ք երազում Սերժի Հայաստանը»: 

Տիկին Սարգսյան, չգիտեմ, ճիշտն ասած, «Սերժի Հայաստան»-ում պաշտոնի ո՜նց էին նշանակվում, ուղղակի ուզում եմ հարցնել՝ ՀՀ ժողովրդին ոչխար համարելը պարտադի՞ր պայման էր Սերժ Սարգսյանի ժամանակ պաշտոն ստանալու համար, թե՞ ոչ: Երկրորդ, երբ ասում եք, որ 2017 թվականին Հայաստանում ոչ մի մենաշնորհ չի եղել, արդյոք ձեր այդ պատասխանը պայմանավորվա՞ծ է նրանով, որ դուք շարունակում եք համարել, որ ՀՀ ժողովուրդը ոչխար է ու լավ չի հասկանում, թե դուք ինչ եք ասում: Երրորդ, 2017 թվականին նշանակվել եք հանձնաժողովի անդամ, քանի՞ հակամրցակցային համաձայնության դեպքի քննության նախաձեռնություն եք սկսել: Հարց չորրորդ՝ եթե ՀՀ ժողովրդին համարում եք ոչխար, ո՞նց եք եկել այդ ժողովրդի ձևավորած ԱԺ-ից քվե ուզում, ո՞նց եք պատկերացնում դուք այդ ժողովրդի մեջ ղեկավար կամ կարևոր պաշտոն զբաղեցնեք երբևէ»,- ասաց Ալեքսանյանը:

Ալեքսանյանի կարծիքով՝ Անահիտ Սարգսյանը պետք է ներողություն խնդրեր ժողովրդից. «Տիկին Սարգսյան, ինձ թվում էր՝ դուք պետք է ներողություն խնդրեիք ժողովրդից ոչխար անվանելու համար, բայց դուք ավելի հեռու գնացիք և ասացիք, որ կարող եք խնդիր ունենալ ժողովրդի հետ: Չէ, դուք չեք կարող խնդիր ունենալ ՀՀ ժողովրդի հետ ու գալ ԱԺ, որը ձևավորվում է ժողովրդի քվեարկությամբ: Չի կարող ցանկացած մեկը ժողովրդին անվանել ոչխար ու գալ ժողովրդի քվեով ձևավորված մարմին և հույս ունենալ, որ այդ մարմնի կողմից կընտրվի որևիցե մի պաշտոնում: Իսկ այն հեքիաթները, որ 2017 թվականին Հայաստանում մենաշնորհներ չեն եղել, ես վստահ եմ, որ ձեզ նշանակած Սերժ Սարգսյանի աշխատասենյակում ձեզ բազմիցս հնչեցվել են տարբեր մակարդակներում»:

Ապա Վահագն Ալեքսանյանը կրկին հարց հղեց ընդդիմության թեկնածունին՝ ասելով. «Արդյոք բանանի ներմուծումը Հայաստան չի՞ եղել մենաշնորհ, թե՞ կասեք, որ դա եղել է բնական մենաշնորհ»:

 

  • Կիսվել: