շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ժամկետային զինծառայությունից և զորակոչից խուսափած անձանց նկատմամբ կհայտարարվի համաներում

Ժամկետային զինծառայությունից և զորակոչից խուսափած անձանց նկատմամբ կհայտարարվի համաներում

Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրինագծին:

«Նախագիծը տարածվում է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից և  զորահավաքային զորակոչից խուսափած և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ համաներում հայտարարելու հետ կապված հարաբերությունների վրա:

Նախագծով առաջարկվում է համաներում հայտարարելով՝ պատժից ազատել այն անձանց, որոնք դատապարտվել են ազատությունից զրկվելու հետ կապված պատժի, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ հետաձգվել է, որոնք դատապարտվել են ազատությունից զրկվելու հետ չկապված պատժի՝ համաներում հայտարարելով դադարեցնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատ արձակված անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունից»,- տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նախարարը նշեց, որ վիճակագրական տվյալներով՝ նախատեսվող համաներման շահառու կարող են լինել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած, Քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով հետախուզման մեջ գտնվող առավելագույնը 5131 անձ և դատապարտված առավելագույնը 124 անձ: Հարուցվել և ընթացքի մեջ է գտնվում 261 գործ, դրանք դեռևս դատարան չեն ուղարկվել, 18 գործ գտնվում է դատարանների վարույթում: Այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ հանցագործություն կատարելու համար պատիժ է կրում 1 դատապարտյալ:

Համաներումը չի կիրառվելու այն անձանց նկատմամբ, որոնք, օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ, բացի Քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասից, հանցագործությունների կամ դատավճիռների համակցության կանոններով կարող են մեղադրվել, մեղադրվում են կամ դատապարտվել են:

«Այսինքն՝ եթե այլ հոդված էլ կա, համաներումը կիրառելի չի լինելու»,- նշեց Բադասյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ թեման շատ վիճահարույց է, բայց, այնուամենայնիվ, իրենք կայացրել են քաղաքական որոշում:

«Թվում է, թե ամենաանպատեհ ժամանակաշրջանն է պատերազմից հետո ժամկետային զինվորական ծառայությունից խուսափած անձանց նկատմամբ կիրառել համաներում, բայց այս որոշումը կայացրել ենք նկատառումով, որ մեր բանակը թևակոխում է խոր և բովանդակային բարեփոխումների փուլ, և սա մեզ համար հնարավորություն է ինչ-որ մի կետ ֆիքսել ու այդ կետից գնալ առաջ: Կարևոր է արձանագրել մի շատ տխուր վիճակագրություն, որ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող անձանց ճնշող մեծամասնությունը՝ 90 և ավելի տոկոս, հետախուզվում են հենց այս հոդվածով»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նաև շեշտեց. «Մենք կայացնում ենք նման քաղաքական որոշում, և դրա պատասխանատվությունը վերցնում ենք մեզ վրա: Համոզված եմ, որ սա ճիշտ որոշում է, որովհետև այս ցիկլից դուրս գալու որևէ ուրիշ տարբերակ չկա»:

  • Կիսվել: