կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ժամանակն է շարունակել կարգավորման շուրջ բանակցությունները. Միրզոյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

Ժամանակն է շարունակել կարգավորման շուրջ բանակցությունները. Միրզոյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

Եվս մեկ անգամ իմ երախտագիտությունն եմ հայտնում իմ լավ գործընկերոջը՝ Վիեննան՝ որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հարթակ առաջարկելու համար: Այս մասին Ավստրիայում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգն առաջարկել է Վիեննան՝ որպես Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների հարթակ: 

Պատասխանելով հարցին, թե արդյոք դիտարկու՞մ է այդ առաջարկը՝ Միրզոյանը նշեց. ՛՛Գիտենք, որ մի քանի անգամ մեր ներկայացուցիչներն արդեն հանդիպել են Վիեննայում և հնարավորություն են ունեցել քննարկել կարգավորման հարցերը և հուսով եմ դա կլինի շարունակական: Կցանկանայի հավելել, որ մենք ունեցանք որոշակի դադար այս գործընթացում, որը, կարծում եմ, պայմանավորված էր Թուրքիայում նախընտրական քարոզարշավով և ընտրություններով: Հիմա ժամանակն է շարունակել կարգավորման շուրջ բանակցությունները՛՛:

Նրա խոսքով՝ առկա են շատ քայլեր, որոնք արդեն իսկ կարող են իրականացվել երկու կողմերից՝ վստահ լինելու համար, որ մենք ճիշտ ուղու վրա ենք դեպի հարաբերությունների վերջնական, համապարփակ և ամբողջական կարգավորում, երկու երկրների միջև սահմանի բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում:

՛՛Այս պարագայում, ես, իհարկե, առաջին հերթին նկատի ունեմ հայ-թուրքական սահմանի բացումը երրորդ երկրների, նաև Հայաստանի և Թուրքիայի՝ դիվանագիտական անձնագիր կրող քաղաքացիների համար։ Կան մի քանի այլ նախագծեր, որոնք ևս քննարկվում են՛՛,-նշեց նա:

Հարցին՝ այս պահին բանակցություններ նախատեսվա՞ծ են, Միրզոյանը պատասխանեց. ՛՛Այս պահին համաձայնեցված ամսաթիվ չկա՛՛:

  • Կիսվել: