երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ժամանակն է պատժամիջոցների լեզվով խոսել Ադրբեջանի հետ. Պապոյանը՝ գերմանացի գործընկերներին

Ժամանակն է պատժամիջոցների լեզվով խոսել Ադրբեջանի հետ. Պապոյանը՝ գերմանացի գործընկերներին

Գերմանիայում աշխատանքային քննարկում ունեցանք ԳԴՀ Առևտրաարդյունաբերական պալատի Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի բաժանմունքի ղեկավար Անդրե Ֆրիչեի հետ։ Այդ մասին ասված է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի Ֆեյսբուքի էջում:
 
«Հույս հայտնելով փոխադարձ օգուտ քաղել այս հանդիպումից ու դնել համագործակցային հիմքեր՝ ներկայացրի ստեղծված հումանիտար իրավիճակը Հայաստանում՝ արձանագրելով, որ զարգացած ու ամուր տնտեսությունը հնարավորություն կտա հաղթահարել բոլոր խնդիրները։ Նշեցի, որ Հայաստանը մեծ հետաքրքրություն ունի դեպի գերմանական բիզնես միջավայր։
 
Գերմանական կողմը, մեջբերելով լրահոսում տարածված նյութերը, հետաքրքրվեց նաև Հայաստանի արտաքին քաղաքական իրավիճակով, Լեռնային Ղարաբաղի բնակչության հումանիտար խնդիրներով՝ փաստելով, որ իրականում արաբա-իսրայելական մեկնարկած պատերազմի ֆոնին Հայաստանի խնդիրները միջազգային լրահոսում ստորադասվել են, բայցևայնպես ուշադրության արժանի են։ Ներկայացրի այս հարցում ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերը՝ նշելով, որ այս պահին Հայաստանը արժանապատվորեն հաղթահարում է իր առջև դրված խնդիրները, բայցևայնպես կարիք ունի միջազգային աջակցության։ Հավելեցի, որ ժամանակն է պատժամիջոցների լեզվով խոսել Ադրբեջանի հետ, քանզի համոզվեցինք, որ զուտ մարդասիրական միջազգային արձագանք ու կոչերը արդյունքում չկանխեցին Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը։
 
Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Նարեկ Գրիգորյանն ու Արուսյակ Մանավազյանը, ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը»,- նշված է գրառման մեջ։
 

  • Կիսվել: