Ժամանակն է, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն վերահաստատել է Ֆրանսիայի անխախտ աջակցությունը Հայաստանին։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն այդ մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Ֆրանսիան շարունակում է մնալ նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների և Հայաստանի կողքին։ Երբ խոսում եմ Ֆրանսիայի մասին, խոսում եմ նաև պատգամավորների մասին, որոնցից յոթն այսօր ինձ հետ են, քանի որ պառլամենտական դիվանագիտությունը նույնպես շատ կարևոր է երկկողմ հարաբերություններում։ Քաղհասարակությունը Ֆրանսիայում նույնպես մոբիլիզացվում է հանուն Հայաստանի։ Ես եկել եմ ևս մեկ անգամ հավաստելու Ֆրանսիայի աջակցությունը, որը նախագահ Մակրոնի ակնկալիքով պետք է լինի կայուն, ամբողջական և անխախտ»,- հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։
Նա հավելել է, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև դժվար բանակցություններին, որոնց արդյունքում արդեն իսկ համաձայնեցվել է երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի տեքստը։
«Ցանկանում եմ ընդգծել վարչապետ Փաշինյանի համարձակությունը։ Ժամանակն է համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու։ Այդ մասին են ասում Ֆրանսիան, ԱՄՆ-ն և ամբողջ Եվրոպան՝ աջակցելով Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։