Ժամանակն է, որ Ռուսաստանի հետ կնքվի նոր ռազմաքաղաքական դաշինք. Զոհրաբյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարծում է, որ հաշվի առնելով ներկայիս մարտահրավերները, ժամանակն է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ կնքի նոր ռազմաքաղաքական դաշինք: Նման տեսակետ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ ճեպազրույցի ընթացքում:
Զոհրաբյանը նախ անդրադարձավ Արցախի խորհրդարանի որոշմանը, որով ռուսերենը Արցախում ստացել է պաշտոնական լեզվի կարգավիճակ:
«Մենք պետք է հասկանանք ստեղծված իրավիճակի նրբությունը: Հայերենը մնում է պետական լեզու, երկրորդ լեզուն դառնում է ռուսերենը: Արցախի 75 տոկոսի կորստից հետո, լինենք անկեղծ, այսօր Ռուսաստանը, որպես նաև Արցախի անվտանգության երաշխավոր, իր անչափ մեծ դերակատարությունն ունի»,-ասաց պատգամավորը:
Նա հղում կատարեց նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի դիտարկմանը: «Հաշվի առնելով այն բոլոր մարտահրավերները, որում այսօր գտնվում է տարածաշրջանը և մասնավորապես Հայաստանը՝ մենք կարծում ենք, որ իսկապես ժամանակն է, որ Ռուսաստանի հետ կնքվի նոր ռազմաքաղաքական դաշինք»,-ասաց նա: