ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վազգեն Մանուկյանը՝ Փաշինյանի հեռանալու հնարավոր տարբերակների մասին

Վազգեն Մանուկյանը՝ Փաշինյանի հեռանալու հնարավոր տարբերակների մասին

Ժամանակավոր կառավարության համար ընտրվել է 1 տարի ժամկետ, որովհետև այժմ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնելն անհեթեթություն է, որովհետև երկիրն այն վիճակում է, երբ կան հրատապ հարցեր, հոգեբանական ճնշում, կավելանա կուսակցությունների՝ իրար դեմ պայքարը, ինչն էլ կնշանակի ուղղակի կործանել Հայաստանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայրենիքի փրկության շարժման՝ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Նա նշեց, որ պետք է ուժեղ, պաշտպանված պետություն լինել, որովհետև չի կարող թույլ, ստորաքարշ, ՛՛պպզած՛՛ երկրում լինել բարեկեցություն։ ՛՛Մինչև երկիրն իր առջև չի դնում մեծ նպատակներ, չի հզորանում, չի ապահովում իր պաշտպանությունը, այդպիսի երկրում բարեկեցություն լինել չի կարող՛՛,-ասաց Մանուկյանը:

Ընդդիմության վարչապետի թեկնածուն հավելեց նաև, որ, իր կարծիքով, առաջիկա 2-3 տարվա ընթացքում կտրուկ փոփոխություններ են լինելու տարածաշրջանում։

Խոսելով այն մասին, թե ինչպես է պատկերացնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացումը՝ Մանուկյանն ասաց. ՛՛Նիկոլ Փաշինյանից կարող ենք ազատվել հետևյալ դեպքերում՝ ինքնակամ գնա, որի հավանականությունը քիչ եմ տեսնում, չնայած չեմ բացառում, երկրորդ՝ որ հասարակությունն այնքան համախմբված է իր գնալու շուրջ, որ ինքը միգուցե չի գիտակցում, բայց իր կուսակիցներն են գիտակցում և իմպիչմենտի միջոցով նրան հեռացնում են պաշտոնից, դա էլ է հնարավոր՛՛։

Ինչ վերաբերում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն մտքին, թե բախումներն անխուսափելի են, Մանուկյանն ասաց՝ ինքը նոր չէ քաղաքականության մեջ և կարելի է գնահատել իր անցած ուղին և տեսնել՝ այդպիսի բան հնարավո՞ր է, թե՞ ոչ. ՛՛Ես կարծում եմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանն այս գնահատականի մեջ մի քիչ սխալ էր՛՛։

 

  • Կիսվել: