Զարմացած եմ, որ Մախաչեւը համաձայնեց մենամարտել Լոս Անջելեսում․ Ծառուկյան
Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (70 կգ) UFC դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող ռուսաստանցի Արման Ծառուկյանը զարմացած է, որ UFC ռուսաստանցի չեմպիոն Իսլամ Մախաչեւը դեմ չի եղել չեմպիոնական մենամարտն իր դեմ անցկացնել Լոս Անջելեսում (ԱՄՆ), որտեղ կա մեծ հայ համայնք։
«Մարդկանց 90 տոկոսը կերկրպագի ինձ։ Զարմացած եմ, որ Մախաչեւը համաձայնեց մենամարտել Լոս Անջելեսում, քանի որ դա նրա տարածքը չէ։ Ես կարծում էի, որ նա կցանկանա մենամարտել Սաուդյան Արաբիայում, Դուբայում, բայց ոչ Կալիֆոռնիայում, քանի որ սա հայկական տեղ է»,- ասել է Արման Ծառուկյանը Արիել Հելվանիի փոդքասթում։
Չեմպիոնական մենամարտը կանցկացվի հունվարի 18-ին Լոս Անջելեսում (ԱՄՆ)։
MMA-ում 28-ամյա Արման Ծառուկյանն անցկացրել է 25 մենամարտ, տարել 22 հաղթանակ։ 33-ամյա Իսլամ Մախաչեւը 27 մենամարտից 26-ում է հաղթանակի հասել։
2019թ․ ապրիլին Մախաչեւը մրցավարների որոշմամբ հասել էր հաղթանակի Ծառուկյանի դեմ մենամարտում։