Ընտրատեղամասերում կոպիտ խախտումներ չեն արձանագրվել, արտառոց դեպքեր` ևս. Ալեն Սիմոնյան
Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը դիտորդական առաքելություն է իրականացնում նաև ՀՀ Ազգային ժողովի դիտորդական խումբը՝ բաղկացած 6 պատգամավորից:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ, հաշվի առնելով, որ ՀՀ Ազգային ժողովում այս ընթացքում անց են կացվում արտահերթ նիստեր, այս անգամ դիտորդական առաքելության կազմում ընդգրկված պատգամավորների թիվը կրճատվել է:
Նրա խոսքով՝ դիտորդական խումբն այսօր հասցրել է լինել Ստեփանակերտի և Շուշիի մի շարք ընտրատեղամասերում:
«Պետք է նշեմ, որ տեղամասերում կոպիտ խախտումներ չեն արձանագրվել: Ընդհանուր առմամբ, որևիցե արտառոց դեպք ևս չի գրանցվել: Ամեն անգամ մենք ակնկալում ենք ցածր ակտիվություն, սակայն ընտրատեղամասերում նկատելի է ընտրողների բարձր ակտիվություն»,- ավելացրել է Ա. Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ անկախ նրանից, թե ով է ընտրվելու է Հանրապետության նախագահ, իրենք պատրաստ են համագործակցության:
«Անձերի հետ կապված որևէ խնդիր չի կարող լինել, քանի որ մենք ունենք մեկ համընդհանուր նպատակ: Բնականաբար, նոր ակնկալիքներով լցված, պատրաստ ենք աշխատելու Արցախի նոր իշխանությունների հետ»,- ընդգծել է Ա. Սիմոնյանը:


