Ընդդիմությունը վերսկսում է փողոցային պայքարը. Սաղաթելյան
Սեպտեմբերի 26-ին կիրականացնենք ջահերով երթ, որից հետո կլինեն բազմաթիվ ակցիաներ և գործողություններ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Նա նշեց, որ միայն խորհրդարանական գործունեությամբ այն մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնք ծառացած են մեր երկրի առաջ, հնարավոր չէ չեզոքացնել, հետևապես իրենք ազդարարում են ընդդիմության կողմից փողոցային պայքարը վերսկսելու մասին։
«Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը պլանավորված բազմաթիվ միջոցառումներ կան»,- տեղեկացրեց Սաղաթելյանը։
Նա տեղեկացրեց, որ հոկտեմբերի առաջին շաբաթվանից սկսած «Հայաստան» խմբակցության պատգամավորները ամբողջ Հայաստանի տարածքում սկսելու են նաեւ մարզային այցելություններ, փշումներ քաղաքացիների հետ:
«Խաղաղությունը չեն մուրում, պարտադրում են. խաղաղություն մուրալով իրենք պատրաստելու են կամ նոր պատերազմ, կամ նոր կապիտուլյացիա»,-ընդգծեց Սաղաթելյանը:
Նա հիշեցրեց, որ դեռ 12 օր առաջ իրենք պահանջել են ԱԺ հրավիրել պաշտպանության նախարարին, ԱԱԾ տնօրենին, դատախազին, ԱԳ նախարարին եւ անցկացնել փակ ռեժիմով քննարկել Կապան-Գորիս ճանապարհին ստեղծված իրավիճակը. «Մինչեւ այս պահը մերժում չկա, բայց փաստն այն է, որ հանդիպումը չի կայացել: Տարբեր մանկական պատճառաբանություններ են բերում: Սա անում է այն իշխանությունը, որը խոսում է համատեղ աշխատանքից, կառուցողական քայլերից»,-ասաց ԱԺ փոխխոսնակը:



