ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ընդդիմությունն ահավոր է աշխատել․ Մամիջանյան

Ընդդիմությունն ահավոր է աշխատել․ Մամիջանյան

Եթե Նիկոլ Փաշինյանը դեռ շարունակում է զբաղեցնել երկրի ղեկավարի պաշտոնը, ուրեմն մենք ահավոր ենք աշխատել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Պատգամավորը նշել է, որ դժվար է գտնել խորհրդարանական ընդդիմության ավելի  դաժան քննադատի, քան ինքն է։ «Մեզ լռել ստիպելու համար Փաշինյանը երկու տարբերակ ունի՝ ձերբակալել կամ սպանել մեզ։ Մենք քննարկումներ ենք անցկացնում ընդդիմության գործընկերների հետ։ Անգամ եթե մենք մենակ մնանք, միեւնույն է, կպայքարենք մինչեւ վերջ»,- նշել է Մամիջանյանը։

Նրա գնահատմամբ՝ ամենավատ սցենարի դեպքում Հայաստանում կլինեն մարդիկ, որոնք կհանձնեն Արցախը, եւ մարդիկ, որոնք չեն կարողացել խանգարել դրան։ Նա նշել է, որ չի պատրաստվում լինել ոչ մեկ, ոչ մյուս ճամբարում։

Ընդդիմադիրը հավաստիացրել է, որ Հայաստանի բնակչության ավելի քան 90 տոկոսն անհնար է համարում Արցախի հանձնումն Ադրբեջանի կազմ՝ վստահեցնելով, որ այդ մարդկանց ձայնն այնքան բարձր կլինի, որ Փաշինյանը չի կարողանա չլսել այդ ձայնը։

«Ակնհայտ է, որ Փաշինյանը հեշտությամբ չի հեռանա, նրան հեշտությամբ աթոռից պոկել չի ստացվի։ Բայց մենք այնքան էլ վատը չենք այդ գործում։ Մեր հնարավորություններից ավելին կանենք»,- հավաստիացրել է խորհրդարանականը։

  • Կիսվել: