հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ընդդիմությանը կոչ եմ անում գալ արդարացնել իրենց գոյությունն այս ԱԺ-ում. Ռուբեն Ռուբինյան

Ընդդիմությանը կոչ եմ անում գալ արդարացնել իրենց գոյությունն այս ԱԺ-ում. Ռուբեն Ռուբինյան

Այս նիստին չմասնակցելու համար ընդդիմությունը որպես պատճառ նշում է գործընթացին լեգիտիմություն չհաղորդելու հրամայականը, բայց ես կարծում եմ իրական պատճառը դա չէ, քանի որ այստեղ տրամաբանական խզում կա: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

«Եկեք հիշենք, թե ընդդիմությունը ինչ է խոսել կամ ինչ է արել իշխանությունների լեգիտիմության կամ ձևավորման մասին:

Օրինակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեկը հաճախ 2018 թ-ի «թավշյա հեղափոխությունն» անվանում է  «իշխանազավթում»: Ինձ համար դա տարօրինակ է, որովհետև այդ անձի հարևանությամբ նստած է այդ անձի «իշխանազավթումից» հետո ԱԱԾ նշանակված անձը, որն իրենց իսկ խոսքով՝ «սուրբ» նախկինների հետ կապված կոռուպցիոն բացահայտումներ  է արել: Իր կողքին նստած է անձ, որը «իշխանազավթման» արդյունքում դարձել է պատգամավոր՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակով և, ամենակարևորը, իր կուսակցության ղեկավարի ցուցումով 2018 թ-ի մայիսի 9-ին ՀՀԿ խմբակցության ձայներով Նիկոլ Փաշինյանն ընտրվել է ՀՀ վարչապետ:

Հետևաբար, արդյո՞ք ՀՀԿ-ն իշխանություն էր զավթել  կամ մասնակցել է  իշխանազավթմանը: Հիշենք նաև, որ Սերժ Սարգսյանը ակնարկում էր նաև, որ «թավշյա հեղափոխությունը» արտաքին դավադիր ուժեր միջամտությամբ է եղել: Փաստերեն, ստացվում է, որ Սերժ Սարգսյանն ու իր կուսակցությունը մասնակցել են արտաքին դավադիր միջամտությամբ իշխանազավթմանը: Ես կարծում եմ, որ սա բավական տրամաբանական չէ՛:

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցությանը՝ նա նշեց, որ երբ այդ խմբակցության անդամները փորձում են համոզել, որ նախկինների ժամանակ ամեն ինչ լավ էր, հարց էր առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ 2012 թ-ին ՀՅԴ-ն լքեց իր կոալիցիոն գործընկերոջը և դրանից մի քանի օր անց իր նախկին՝ արդեն կոալիցիոն գործընկերոջ հետ քվեարկեց Նիկոլ  Փաշինյանի օգտին՝ որպես ՀՀ վարչապետ:

«Սա շատ անտրամաբանական է։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 2018 թ-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները չեն վիճարկվել որևէ քաղաքական ուժի կողմից, այսինքն, ներկայիս մեր ընդդիմադիր գործընկերների մի մասն «Իմ քայլը» դաշինքի ցուցակով դարձան պատգամավոր, մի մասը քվեարկեց Նիկոլ Փաշինյանի օգտին՝ որպես վարչապետ, մի մասը մասնակցեց ընտրություններին, պարտվեցին ու ընդունեցին ընտրությունների արդյունքները: Հետո անցավ մի քանի տարի, նրանք մասնակցեցին 2021 հուլիսի 20-ի ընտրություններին ու ի վերջո կրկին ընդունեցին նաև այդ ընտրությունների արդյունքները:Հետևաբար, ո՞րն է  այս դատարկության իմաստը»,-հարցրեց Ռուբինյանը՝ մատնացույց անելով դահլիճում ընդդիմադիրների հատվածը, որտեղ պատգամավորներ չկային:  

Նրա դիտարկմամբ իմաստն այն է, որ ընդդիմադիր գործընկերները չեն կարող գտնել նախագահի թեկնածու, որովհետև ոչ մի մարդ, որը կկարողանար իր որակներով համապատասխանել այդ պաշտոնին՝ չէր համաձայնի լինել իրենց թեկնածուն: «Երկրորդ՝ իրենց միջից էլ չէին կարող ընտրել նախագահի թեկնածու, քանի որ «Հայաստան» դաշինք գոյություն չունի: «Հայաստան» խմբակցության մեջ կան 3-4 խմբակցություններ և անհատներ, որոնց համար աշխարհը փուլ կգա ավելի շուտ, քան իրենք կհամաձայնեն, որ իրենց մեկ այլ գործընկեր դառնա նախագահի թեկնածու: Նաև հավելեմ, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունում նույնպես չկա: Այնտեղ նույնպես՝ թեև ավելի քիչ թվով պատգամավորներ կան, բայց այդ խմբակցության ներսում էլ կա 3-4 խմբակցություն:

Բայց, դա մեզ չի կաշկանդում նախագահ ընտրել, ավելին նիստն անցնում է ավելի հաճելի, քան կարող էր անցել: Բայց, ես մեր ընդդիմադիր գործընկերներին կոչ եմ անում չզբաղվել իմիտացիոն գործունեությամբ, լեգիտիմություն այս կամ այն գործընթացին իրենք չէ, որ կարող են հաղորդել՝ իշխանություններին լեգիտիմություն հաղորդում կամ չի հաղորդում ժողովուրդը։ Ես իրենց կոչ եմ անում գալ իրական դաշտ և արդարացնել իրենց գոյությունը այս ԱԺ-ում, քանի որ մեր ժողովրդի մի մասն իրենց է պատվիրակել գալ ԱԺ: Եթե իրենք այսպես շարունակեն, իրենք ուղղակի հաջորդ ընտրություններին քվե չեն ստանա»:

  • Կիսվել: