ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Փաշինյանը նոր «մաքրում» է սկսում. Կառավարության ներսում լարված մթնոլորտ է. «Ժողովուրդ»

Փաշինյանը նոր «մաքրում» է սկսում. Կառավարության ներսում լարված մթնոլորտ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում սպասվում են ոչ միայն իշխանական թիմի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում կադրային վերադասավորումներ, այլեւ կառավարության կազմի փոփոխություններ:

Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայացրել է որոշում էական թարմացումներ կատարել բոլոր գերատեսչություններում։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Կառավարությանը ենթակա մարմիններում վերջին շաբաթներին նկատվում է գերլարված մթնոլորտ: Տարբեր կառույցներում իրականացվում են հսկայածավալ ստուգումներ. պահանջվում են բազմաթիւ փաստաթղթեր՝ ներառյալ անցած տարիների հաշվետվություններն ու պաշտոնական գրագրությունները։ Աղբյուրները նշում են, որ հավաքագրվում են դոսյեներ, որոնք ներկայացվում են անձամբ Փաշինյանին։

Հատկապես զգալի զգուշություն է տիրում Կառավարության ստորաբաժանումներում. բազմաթիվ աշխատակիցներ տարբեր օղակներից ահազանգեր են ստանում՝ փաստաթղթերը կարգի բերելու ու անակնկալների պատրաստ լինելու մասին։

Ըստ տեղեկությունների՝ այս «վերահսկողական օպերացիան» ներառում է նաեւ Երեւանի վարչական շրջանները։ Վարչապետը, մեր տեղեկություններով, արդեն հստակ նախազգուշացրել է իր թիմակիցներին խստորեն հետեւել տեղի ընթացակարգերին եւ լինել առավել զգոն։

Իշխանական շրջանակներից հնչող լուրերը վկայում են, որ Փաշինյանը ստացել է ահազանգեր՝ վարչական շրջաններում ձեւավորված լուրջ կոռուպցիոն սխեմաների մասին։ Դրա արդյունքում այնտեղ նույնպես լարվածություն է նկատվում։ Շատերը փորձում են կանխել հնարավոր բացահայտումները՝ արագ կարգի բերելով իրենց հաշվետվությունները։

Թե ուր կհասնի այս լայնածավալ «մաքրող գործողությունը» եւ ովքեր կհայտնվեն դրա թիրախում՝ առայժմ հստակ չէ։ Բայց այն, որ վարչապետը լրջորեն տրամադրված է վերահսկողական լծակները գործի դնելու եւ թիմի ներսում «մաքրում» կատարելու հարցում՝ փաստ է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: