կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ընդդիմադիրները զուտ մանդատներից կամ աշխատավարձից չզրկվելու պատճառով ներկա ստացան և բացակայում են այս կարևորագույն փաստաթղթի քննարկումից. Սիսակ Գաբրիելյան

Ընդդիմադիրները զուտ մանդատներից կամ աշխատավարձից չզրկվելու պատճառով ներկա ստացան և բացակայում են այս կարևորագույն փաստաթղթի քննարկումից. Սիսակ Գաբրիելյան

Օրենքի ընդունման առաջին ընթերցման քննարկման ժամանակ որպես խորհրդարան մենք պարտավորվեցինք և հրապարակային հայտարարեցինք մեր պատրաստակամությունը բաց քննարկումների համար: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով Կառավարության կողմից ներկայացված ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցին:

Նա նշեց,  որ նախագծի մասին պարբերաբար ամբողջ ֆրակցիայի անունից բարձրաձայնել են ընդդիմադիր գործընկերներից մեկ-երկուսը.

«Ցավալի է, իրենք այսօր կարծես թե տպավորություն է, որ զուտ մանդատներից կամ աշխատավարձից չզրկվելու պատճառով ներկա ստացան և բացակայում են այս կարևորագույն փաստաթղթի քննարկումից, որը, նորից եմ ասում, առաջին բանը, որ ընդդիմադիր պատգամավորներն այս մասով մեր հանձնաժողովին ասել են, այս փաստաթուղթն էր վկայակոչել, սրա անհրաժեշտությունը: Ինչևէ, կարծում եմ, մեր քաղաքացիները գնահատել են և ապագայում էլ կգնահատեն այս վարքագիծը»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը:

Նա նշեց, որ տեղի է ունեցել  բավականին արդյունավետ քննարկում.

«Ասեմ, որ այդ քննարկումը բաց էր և հրավիրված էին ամենատարբեր փորձագետներ, քաղաքական հայացքի տեր մարդիկ, ասեմ ավելին, անգամ նախարարի հասցեին անձնական վիրավորանք հնչեցրած անձնավորություններ կային այնտեղ: Այսինքն՝ և մեր քաղաքական թիմի հասցեին: Բաց է եղել, մոտ 4,5-5 ժամ քննարկել ենք և արդյունքում նաև մեր այդ քաղաքացիների կողմից ստացել ենք որոշակի դիտարկումներ, որոնք ներառվել են նախագծում, իմ անունից նաև առաջարկության տեսքով»,-նշեց նա:

Սիսակ Գաբրիելյանի խոսքով` սա կարևորագույն փաստաթուղթ է և սա մեր այս ոլորտում այն հիմնական ծրագրերի ուղենիշներն են, որոնք մենք ձգտում ենք որպես պետություն մինչև 2030 թվականը.

«Ակնկալում եմ մեր այդ նույն փորձագետներին, մեր կրթության ոլորտում ներգրաված որոշ մասնագետներին հետևողական լինեն, և իսկապես ձեր ամենօրյա համառ աշխատանքի, ինչու ոչ նաև պահաջատիրության արդյունքում այս փաստաթուղթը դարձնենք իրականություն»,- ասաց ՔՊ պատգամավորը:

Նա ընդգծեց, որ մասնագետների կողմից պահանջատիրությունը և նաև համագործակցությունը կարևոր են, որպեսզի այս փաստաթուղթը նախկին փաստաթղթերի նման կենացների չնմանվի, «որովհետև գիտենք՝ տարբեր ժամանակեր ընդունվել են զարգացման ռազմավարություններ՝ ոչ միայն կրթության ոլորտի, բայց իրենք վերնագրերից այն կողմ չեն անցել»:

Գաբրիելյանը նաև շեշտեց, որ այս տարվա բյուջեն, որը քննարկվել է՝ աննախադեպ է.

«Մոտ 250 մլրդ դրամ հատկացվում է միայն ԿԳՄՍ նախարարության ոլորտին: Մոտ 15 տոկոսով ավելի է քան նախորդ տարվանը: Դուք նաև տեսնում եք, որ ռազմավարության մեջ նշված շատ ու շատ դրույթներ մենք արդեն իսկ կյանքի ենք կոչել առանց այս փաստաթղթի»,-ընդգծեց Սիսակ Գաբրիելյանը:

Գաբրիելյանը նաև առանձնացրեց, որ կամավոր ատեստավորման համակարգը նախատեսվում է նաև ներդնել կրթական մյուս բնագավառներում՝ միջին մասնագիտական, նախնական արհեստագործական, նախակրթարաններում և նաև արտադպրոցական մեր մյուս հաստատություններում: 

  • Կիսվել: