երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
2018 թվականին քաղաքացիները փակել են ձեր թալանի ծորակը. Սիսակ Գաբրիելյան

2018 թվականին քաղաքացիները փակել են ձեր թալանի ծորակը. Սիսակ Գաբրիելյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն այսօր խորհրդարանի ամբիոնից անդրադարձավ ընդդիմադիրների գործողություններին և նշեց, որ ընդդիմադիրները մոլորեցնում են քաղաքացիներին:

«Տևական ժամանակ է՝ դահլիճի այս կողմում պետք է գտնվեին անձինք, բայց չկան: Կարծես թե հերթական անգամ նրանք ստացել են իրենց աշխատավարձերը, որքանով որ տեղյակ եմ, որևէ մեկը չի հրաժարվել այս ամենից:

Ձեզանից շատերը երբեմն ասում են՝ ինչո՞ւ չեք անդրադառնում այս ընդդիմությանը: Ուզում եմ պարզապես ասել՝ սիրելի՛ քաղաքացիներ, ախր այս ընդդիմությունն իր խոսքով ինքն իրեն մաշեցրել է:

Ի՞նչ է ասում ընդդիմությունը՝ մոլորեցնելով մեր քաղաքացիներին, որ դուրս եկեք փողոց, որ թուրքը չգա մեր երկիր:

Հիշեցի լրագրողական տարիներիցս մի հոդված, որը հրապարակվել է այն կայքում, որտեղ աշխատել եմ: Խնդրում եմ, ուշադիր եղեք՝ ո՞վ է այս խոսքերի հեղինակը: Դպրոցի բացման ժամանակ մի բարձրաստիճան պաշտոնյա այդ ժամանակ ասել է. «Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ այս դպրոցում սովորեն նաև ադրբեջանցի երեխաներ: Ես վստահ եմ, որ այդ օրը գալու է, և ցանկանում եմ, որ այդ օրը գա հնարավորինս շուտ»: 2014 թվական, Սերժ Սարգսյան:

Հիմա, հարգելի՛ պարոն Վանեցյան, երբ դուք դռնեդուռ ընկած ասում եք՝ ժողովուրդ, դուրս եկեք փողոց, որպեսզի թուրքը չգա այս երկիր, դուք խափանո՞ւմ եք Սերժ Սարգսյանի երազանքը:

Կամ՝ երբ Իշխան Սաղաթելյանն ասում է՝ թալանը հետ ենք բերելու, դուք հասկանո՞ւմ եք, սիրելի՛ հայրենակիցներ, սրանով երկու բան են խոստովանում, որ թալանը եղել է, և որ թալանը հետ են բերելու: Որ թալանը եղել է, այստեղ տրամաբանական հարց է առաջանում՝ հետ բերել նկատի ունեք, որ ձե՞զ եք հետ բերելու, որովհետև մենք խոստացել ենք, որ թալանը հետ ենք բերելու պետական բյուջե, իսկ դուք նախ ընդունում եք, որ թալանը կա, և նաև հայտարարում, որ այն հետ եք բերելու:

2018 թվականին քաղաքացիները փակել են ձեր թալանի ծորակի փականը, և հիմա խոր գործընթաց է գնում այդ թալանը պետական բյուջե վերադարձնելու համար»,- ասաց Գաբրիելյանը:

  • Կիսվել: