ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ընդդիմադիր պատգամավորը իշխանափոխության համար համազգային կոնսոլիդացիա չի տեսնում

Ընդդիմադիր պատգամավորը իշխանափոխության համար համազգային կոնսոլիդացիա չի տեսնում

Հայաստանի «Հանրապետական» կուսակցությունը բազմիցս հայտարարել է, որ իր համար էական է իշխանափոխությունը, սակայն այդ հարցում դեռևս չկա համազգային կոնսոլիդացիա։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ 

«Ես կրում եմ պատասխանատվությունը նրա համար, որ դեռևս չկա համազգային կոնսոլիդացիա իշխանափոխության հետ կապված, ես պատրաստ եմ դա ասել, միևնույն ժամանակ ընկալել սեփական սխալները և դրանք հետագայում շտկել։ Ինչ վերաբերվում է պայքարի նոր փուլին, յուրաքանչյուր մարդ իր տեղում Հայաստանում, Արցախում, թե սփյուռքում կարող է պայքարի օջախ հանդիսանալ։ Անկեղծ ասեմ, ես դրան իրապես հավատում եմ։ Իշխանության գործողություններին կարող են վնասել թե անհատների ակցիաները, թե մեծ, փողոցային, հանրային լայնամասշտաբ ակցիաները։ Դրանք բոլորը շատ կարևոր են և բոլորը պետք է իրականացվեն»,- ընդգծեց Մամիջանյանը։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի խոսքով՝ «Հանրապետական» կուսակցությունը բազմիցս հայտարարել է և հաստատել է, որ իր համար էական է իշխանափոխությունը։

«Մենք իշխանություն չենք ուզում, մենք իշխանության համար պայքար չենք անում։ Ես չեմ կարողանում հասկանալ այն մարդուն, որը կարող է իշխանության համար պայքարել, երբ  Արցախի հարցն է զոհասեղանին ։ Անձնակենտրոն մոտեցումների հետ կապված էլ «Հանրապետական» կուսակցությունը աջակցել է բոլոր առողջ քաղաքական և հասարակա-քաղաքական ուժերին, որոնք գոնե առաջին հայացքից անկեղծ են եղել իշխանափոխության հարցում»,- եզրափակեց Մամիջանյանը։

  • Կիսվել: