կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՎԶԵԲ գլխավոր քարտուղարը վերահաստատել է թիմի հանձնառությունը՝ շարունակելու հայկական կողմի հետ արդյունավետ գործընկերությունը

ՎԶԵԲ գլխավոր քարտուղարը վերահաստատել է թիմի հանձնառությունը՝ շարունակելու հայկական կողմի հետ արդյունավետ գործընկերությունը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր՝ նոյեմբերի 20-ին, ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՎԶԵԲ տարեկան հանդիպման, արարողակարգի և միջոցառումների կազմակերպման բաժնի և լեզվական ծառայությունների ղեկավար Ստեֆանիա Գալբիաթի Բոլլը և ՎԶԵԲ երևանյան մշտական գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին:

Նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է Հայաստանի համար ՎԶԵԲ-ի հետ համագործակցության առանցքային նշանակությունը, ինչի ապացույցը հայկական կողմի պատրաստակամությունն է՝ Երևանում հյուրընկալելու ՎԶԵԲ կառավարիչների խորհրդի 2024թ. տարեկան հանդիպումը, որն աննախադեպ է Հայաստանում ֆինանսական ոլորտի նման միջոցառում հյուրընկալելու համատեքստում:

Կարևորելով ՎԶԵԲ առաքելության դերը հաջորդ տարեկան հանդիպման կազմակերպման գործում՝ նախարարն ընդգծել է, որ համապատասխան թիմերը մի շարք հարթություններում աշխատանքներ են տանում տարեկան հանդիպումը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ: ՎԶԵԲ գլխավոր քարտուղարն իր հերթին կարևորել է ընթացիկ լայնածավալ աշխատանքների դինամիկան՝ վերահաստատելով ՎԶԵԲ թիմի հանձնառությունը՝ շարունակելու հայկական կողմի հետ արդյունավետ գործընկերությունը տարեկան հանդիպման պաշտաճ անցկացման գործում:

Հանդիպման ավարտին երկուստեք պատրաստակամություն է հայտնվել՝ մեկտեղելու ջանքերը Երևանում ՎԶԵԲ տարեկան հանդիպումը հիշարժան և պատշաճ անցկացնելու ուղղությամբ:

  • Կիսվել: