Վրաստանը ցանկանում է առաջ տանել այնպիսի օրակարգ, որի կյանքի կոչման պարագայում կշահեն բոլորը. Լաշա Դարսալիա
Աշխարհն այսօր ապրում է տուրբուլենտ ժամանակաշրջանում, և դա զգում է ողջ միջազգային համայնքը, սակայն հատկապես փոքր երկրներն այդ հանգամանքը զգում են ավելի անմիջականորեն և ուղղակիորեն և, գուցե, դրանով էլ տարբերվում են մյուս երկրներից։
Այդ կարծիքը «Երևանյան երկխոսություն-2025» համաժողովի շրջանակներում «Բազմակողմանի ուղիներ. կարգ ու կանոնի վերականգնում քայքայվող համակարգում» խորագրով պանելային քննարկմանն այս մասին ասաց Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան։
«Բազմաբևեռությունն ինքնին կարևոր երևույթ է յուրաքանչյուրի համար, իսկ մեր նման փոքր երկրների պարագայում արտաքին քաղաքականության զինանոցի միակ գործիքն է հատկապես ներկա տուրբուլենտ ժամանակաշրջանում։ Երբեմն հնչում են սկեպտիկ տեսակետներ այն մասին, թե որքան հզոր է գործող միջազգային հարաբերությունների համակարգը, բայց մենք իսկապես շահագրգռված ենք, որ այն լինի ուժեղ։ Այստեղ կարևորն այն է, թե ինչպես պետք է մենք դարձնենք այդ համակարգն ավելի արդյունավետ»,- ասաց Դարսալիան։
Անդրադառնալով հարավկովկասյան տարածաշրջանին՝ նա ընդգծեց, որ Վրաստանն ավելի քան երեք տասնամյակ անկախ պետություն է և գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ կարևորվում է նախևառաջ բազմակողմ համագործակցությունը։
«Եթե որևէ մեկը ձգտում է շահել մյուսների հաշվին, ապա միանշանակ դատապարտված է ձախողման։ Մենք ցանկանում ենք առաջ տանել այնպիսի օրակարգ, որի կյանքի կոչման պարագայում կշահեն բոլորը։ Մենք փորձելու ենք գտնել այնպիսի ուղիներ, որ յուրաքանչյուրը շահի տարածաշրջանային համագործակցությունից։ Դա, անկասկած, հիմնված կլինի միջազգայնորեն ընդունված օրենքների վրա»,- ասաց Վրաստանի ԱԳ առաջին փոխնախարարը։