հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վլադիմիր Վարդանյանը Բուրգ-լե-Վալանսի քաղաքապետին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Վլադիմիր Վարդանյանը Բուրգ-լե-Վալանսի քաղաքապետին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում մշտապես կարևորվել է Ֆրանսիայի հետ բազմամակարդակ հարաբերությունների զարգացումը: Հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները խարսխված են երկու ժողովուրդների ավանդական բարեկամության, Ֆրանսիայում հայ համայնքի ակտիվ դերակատարման, երկկողմ քաղաքական, մշակութային ու հումանիտար սերտ կապերի վրա. նշել է իր խոսքում ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը՝ հուլիսի 24-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած հանդիպմանը ողջունելով Ֆրանսիայի Բուրգ-լե-Վալանս քաղաքի քաղաքապետ Մառլեն Մուղիեի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ հանդիպմանը մասնակցել են Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Մանավազյանը, Բաբկեն Թունյանը, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Առուշանյանը, Բուրգ-լե-Վալանսի փոխքաղաքապետ Ռոբերտ Տաֆանկեճյանը և Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը:

Բուրգ-լե-Վալանսի պատվիրակությունը հուլիսի 22-ին մասնակցել է քույր քաղաք Թալինի օրվան նվիրված հանդիսավոր արարողություններին: Տավրոս Սափեյանն իր խոսքում նշել է, որ հաջորդ տարի լրանում է քույր քաղաքների համագործակցության քսանամյակը, որի կապակցությամբ առաջարկվել է Բուրգ-լե-Վալանսում հիմնել Թալինին նվիրված պուրակ, որտեղ կտեղադրվի ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե Շառլ Ազնավուրի կիսանդրին:

Քաղաքապետ Մառլեն Մուղիեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և երկու քաղաքների միջև փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամություն հայտնել:

Հանդիպման մասնակիցներն ընդգծել են երկու քաղաքների միջև ձևավորված գործընկերային, բարեկամական հարաբերությունները, որոնք առանձնանում են բացառիկ ջերմությամբ: 
  
Բարեկամական խմբի ղեկավարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության հնարավորությունների վերաբերյալ հարցեր:
 

  • Կիսվել: