Վլադիմիր Պուտինը վստահաբար տեղեկացված է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի մասին․ Փաշինյան
Հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակի մասին տեղեկացնելու համար ՀՀ վարչապետի առաջին զանգը եղել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարեց Հանրային հեռուստաընկերության եթերում, պատասխանելով հարցին, թե ինչու վարչապետը չի զանգել ՌԴ նախագահին, մինչդեռ հեռախոսազրույցներ է ունեցել տարածաշրջանի այլ դերակատարների հետ։
«Իրականում, առաջին զանգը ՌԴ նախագահին է եղել։ Նա, վստահաբար, իրավիճակի մասին տեղեկացված է, Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակված է նախորդ տարվա դեկտեմբերից, ՌԴ նախագահի հետ այդ օրվանից տասնյակ զրույցներ ենք ունեցել: Ցավոք, մեր վերջին խոսակցությունից ի վեր իրադրությունը չի փոխվել»,-ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ բոլոր հեռախոսազանգերի նպատակն ու իմաստն այն էր, որ գործընկերներին, ովքեր որոշ նրբությունների մասին տեղեկացված չէին, փոխանցի այդ ինֆորմացիան։