շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վերջին տարիներին ունենք դինամիկ աճող ֆինանսական համակարգ. ԿԲ նախագահի թեկնածու

Վերջին տարիներին ունենք դինամիկ աճող ֆինանսական համակարգ. ԿԲ նախագահի թեկնածու

Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու Մարտին Գալստյանը խորհրդարանում հանդես է եկել ելույթով: Գալստյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է.

«Եթե ես այս բարձր ամբիոնից ելույթ ունենայի մի քանի ամիս առաջ, ապա իմ ելույթը կառուցված կլիներ այլ տրամաբանությամբ, և հիմնականում կներկայացնեի այն տեսլականը, որն ունեմ որպես Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու, բայց մենք այսօր ապրում ենք այլ իրականությունում։

Այսօր արագ փոփոխվող և անորոշություններով լի աշխարհը, որի մասին տեսական բանավեճեր էին ծավալվում, արդեն կայացած փաստ է: Մենք ապրում ենք մարդկության պատմության արդի ժամանակաշրջանի համար նախադեպը չունեցող իրողությունում: Ուստի, ելույթիս առաջին մասում կանդրադառնամ  կորոնավիրուսի համավարակի պատճառով ստեղծված իրավիճակին և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի արձագանքին:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհում շատ բան է փոխվել: Հաճախ լսելի են դարձել «պատերազմական իրավիճակ», «աշխարհը նույնը չի լինելու» արտահայտությունները: Տնտեսական քաղաքականության ձևակերպման տեսանկյունից կան անասելի դժվարություններ՝ նախևառաջ պայմանավորված ճգնաժամի առաջին հերթին առողջապահական լինելու փաստով և ուղեկցվող անորոշություններով: Հատկանշական է սակայն, որ տնտեսագետները միակարծիք են ճգնաժամի հաղթահարման և տնտեսական քաղաքականության ուղղությունների վերաբերյալ: Հիմնական հնչող եզրույթը հետևյալն է՝ «արձագանքել արագ և անել ամենը, ինչ անհրաժեշտ է»։

Կենտրոնական բանկը դեռևս մարտի սկզբին առևտրային բանկերի ղեկավարների հետ կայացած հանդիպումների ընթացքում քննարկել էր հնարավոր զարգացումները՝ պայմանավորված վարկառուների ֆինանսական դիրքի հնարավոր վատթարացմամբ և հորդորել էր ցուցաբերել անհատական մոտեցում վարկառուներին և հետաձգել վարկերի վճարումները: Պայմանավորվածության համաձայն՝ Կենտրոնական բանկը որոշակիորեն թուլացրել է ֆինանսական հաստատությունների կարգավորման ռեժիմը: Ինչպես նաև 6 ամիս ժամկետով երկարաձգվել է ընթացիկ մարումների ժամկետները՝ միջազգային ծրագրերով տրամադրված և ծրագրային հիպոթեքային վարկերի համար: Բանկերին և վարկային կազմակերպություններին հնարավորություն է տրվել  ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկերի պայմանները (ժամկետայնություն, տոկոսադրույք, արժույթ և այլն) վերանայել այնպես, որ առկա իրավիճակում վարկերի մարումների ուշացումները բացասաբար չանդրադառնան վարկառուների վարկային պատմության վրա, ինչպես նաև հնարավորինս չավելանա վերջիններիս վարկային բեռը: Փաստացի, համակարգը առանց պետության կողմից որևէ աջակցություն ակնկալելու առաջիններից էր, որը իր դերակատարումն ունեցավ ճգնաժամի հետևանքները մեղմելու գործում:

Մարտի 17-ին Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում կայացրեց նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, առաջին հայացքից բավականին օրինաչափ, սակայն ստեղծված իրավիճակում ոչ պահպանողական քայլ է: Տարածաշրջանի շատ գործընկերներ, բախվելով ազգային արժույթների արժեզրկման ճնշումների, չգնացին այս ճանապարհով՝ Ռուսաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը չիջեցրեցին տոկոսադրույքը, իսկ Ղազախստանի Կենտրոնական բանկը նույնիսկ ստիպված եղավ բարձրացնել այն:

Երրորդ կարևորագույն քայլը շուկաներում կայունության պահպանումն էր: Կենտրոնական բանկը հայտարարեց և համակարգին տրամադրեց իրացվելիության անհրաժեշտ քանակ՝ թե՛ ազգային արժույթով և թե՛ արտարժույթով: Համակարգն այս պահին չունի իրացվելիության որևէ խնդիր, իսկ շուկաները գործում են բնականոն ռիթմով:

Կցանկանայի նշել նաև, որ մեր քայլերի վերաբերյալ միջազգային գործընկերների արձագանքը ևս դրական է: Մասնավորապեսմ ԱՄՀ վերջին հայտարարության մեջ ասվում է. «Կենտրոնական բանկն իր երկակի՝ գների և ֆինանսական կայունության ապահովման իրավասությունների շրջանակում, ձեռնարկեց կորոնավիրուսային վարակով (COVID-19) պայմանավորված ճգնաժամին արձագանքելու արագ քայլեր: Այն անհապաղ իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ գնաճը խթանելու և տնտեսական աշխուժությանն աջակցելու, սակայն պատրաստ է քաղաքականության ճշգրտմանը՝ կապիտալ արտահոսքի ճնշումների և փոխարժեքի անկանոն տեղաշարժերի դեպքում ֆինանսական կայունությունը պահպանելու համար: Ներքին ֆինանսական շուկաները համավարակի սկզբից էլ, ընդհանուր առմամբ, անխափան են գործել, ինչին օգնել է ՀՀ ԿԲ-ի կողմից իրացվելիության տրամադրումը: ՀՀ Կենտրոնական բանկի կարգավորման և վերահսկողական արձագանքը եղել է ֆինանսական կայունության, առողջ բանկային համակարգի և տնտեսական ակտիվությանը միտված։

Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք ունենք դինամիկ աճող ֆինանսական համակարգ։ Պետք է աշխատենք հավասարակշիռ և տարբերակված աճի ուղղությամբ՝ խորացնելով ֆինանսական շուկաները և ընդլայնելով գործունեության տեսակները։ Միևնույն ժամանակ, համակարգի աճին և զարգացմանը զուգընթաց պետք է ներդնենք միջազգային լավագույն փորձը՝ հնարավոր ռիսկերը գնահատելու և կառավարման մասով համապատասխան քայլեր ձեռնարկելու ուղղությամբ։ Այս առումով ճիշտ և հավասարակշռված քաղաքականության իրականացումը էլ ավելի է կարևորվում տարածաշրջանային և գլոբալ անորոշությունների համատեքստում:

Կցանկանայի նաև առանձնակի անդրադառնալ ֆինանսական կրթության խնդրին: Գիտակցված որոշումներ կայացնող անհատն է մեր քաղաքականությունների հաջող իրականացման գրավականը: Պատասխանատու վարկավորման կարևորագույն էլեմենտը մարդկանց կողմից իրենց ֆինանսական հոսքերին համահունչ որոշումների կայացումն է: Կարծում եմ, որ արդյունավետ քաղաքականությունը ոչ թե ֆինանսական հնարավորությունների սահմանափակումն է, այլ ֆինանսական կրթվածության բարձր մակարդակ ունեցող հասարակությունը, որն ունակ է կայացնել հաշվարկված որոշումներ:

Հսկայական անորոշությունների ներքո, մարդիկ կարիք ունեն կայացնելու որոշումներ, կազմակերպությունները՝ կազմելու պլաններ, կառավարությունները՝ մշակելու ռազմավարություններ: Եվ այդ ամենը անելու համար իրենց պետք է հենման կետ, որից հայացք նետեն ապագային: Մարդիկ պետք է վստահ լինեն, որ ցանկացած իրավիճակում մակրոկայունությունը կպահպանվի՝ գները կմնան կայուն, և ֆինանսական համակարգը կաշխատի անխափան: Հայաստանում այդ հենման կետը Կենտրոնական բանկի կողմից ստեղծված մակրոկայունության միջավայրն է: Մեր անտեսանելի ներկայության շնորհիվ է, որ մարդիկ խնայողություններ են ձևավորում՝ հավատալով, որ դրանք չեն արժեզրկվի, գործարարները իրականացնում են երկարաժամկետ ներդրումներ՝ հավատալով, որ ռիսկերը կառավարելի են, և կառավարությունը կարող է կենտրոնանալ զարգացման ծրագրերի վրա՝ չմտածելով անկայունության սպառնալիքների մասին»: 

  • Կիսվել: