ուրբաթ, դեկտեմբեր 2
2 / 12 / 2022
Վեհափառ Հայրապետի մոտ նախկին նախագահների մասնակցությամբ քննարկումները հնարավորություն են տալիս ստեղծված վիճակից ելքերը համակողմանի քննարկելու և լուծումներ առաջարկելու. Սարգսյան

Վեհափառ Հայրապետի մոտ նախկին նախագահների մասնակցությամբ քննարկումները հնարավորություն են տալիս ստեղծված վիճակից ելքերը համակողմանի քննարկելու և լուծումներ առաջարկելու. Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նախկին նախագահների հանդիպմանը:

Սերժ Սարգսյանի արձագանքում ասվում է. ՛՛Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային այս իրավիճակում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների շուրջ ստեղծված վտանգների, լրջագույն մարտահրավերների ու սպառնալիքների, ինչպես նաև դրանցից հնարավոր ելքերի վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը արտահայտված է նրա հարցազրույցներում, ուղերձներում, նախագահի գլխավորած քաղաքական ուժի՝ իրավիճակին համահունչ արվող հայտարարություններում:

Նախագահ Սարգսյանն այն կարծիքին է, որ այս փուլում Վեհափառ Հայրապետի մոտ, ում հետ ՀՀ երրորդ նախագահը պարբերաբար հանդիպում է, նախկին նախագահների մասնակցությամբ քննարկումները հնարավորություն են տալիս ստեղծված ծանրագույն վիճակից ելքերը համակողմանի քննարկելու և մեր պետությանն ու ժողովրդին իրատեսական, կշռադատված լուծումներ առաջարկելու:

Սրան զուգահեռ, առողջ դատող քաղաքական ուժերը, հասարակական, քաղաքական միավորումները պետք է շարունակեն ամենօրյա աշխատանքով հասարակության մեջ արթուն պահել պայքարի ոգին:

Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ փաստում է, որ իր երկու գործընկերների՝ ՀՀ առաջին և երկրորդ նախագահների հանրային վերջին ելույթները, այնուհանդերձ, մի կողմից` հանրային դիսկուրսը ակտիվ են պահում, մյուս կողմից՝ բաց են պահում դուռը հետագա հանդիպումների և քննարկումների համար՛՛:

 

  • Կիսվել: