Վազգեն Մանուկյանի կինը Արման Բաբաջանյանի հարցով ԱԱԾ-ին է դիմում
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի կինը` Վարդուհի Իշխանյանը դիմում է ԱԱԾ-ին` պահանջելով պարզել ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի կապը օտարերկրյա ծառայությունների հետ:
«Դիմում եմ ԱԱԾ-ին, որ պարզի Բաբաջանյանի կապը օտարերկրյա ծառայությունների հետ։Եվ ուզում նաև պարզել, թե ինչպես եղավ , որ Բաբաջանյանը ու Հունանյանը 1998-ին աշխատել են միասին Կարեն Դեմիճյանի շտաբում։ Ծիծաղում է նա,ով վերջինն է ծիծաղում։Ինքներդ ռիսկ չէիք անի խոսել Վազգեն Մանուկյանի դեմ,էդ կոռումպացված թրքական լրտեսը լեզուներդ բացեց․․»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Վարդուհի Իշխանյանը:
Երեկ հայտնել ենք, որ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել է վարչապետին` ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով:
«Հաշվի առնելով վերջին օրերին տեղի ունեցած կարևոր որոշ իրադարձություններ և զարգացումներ և, իհարկե, ներքաղաքական համատեքստը՝ դիմել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով»,- գրել է Բաբաջանյանը:
Ըստ Բաբաջանյանի՝ Մանուկյանը հանդես է գալիս քաղաքական հայտարարություններով, վերջերս հիմնել է Վերնատուն անվամբ հասարակական-քաղաքական ակումբ, որի անդամ են ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին տարբեր առանցքային պաշտոններ զբաղեցրած քաղաքական գործիչներ:
Սա, ըստ Բաբաջանյանի, հակասում է Հանրային ծառայության մասին օրենքին, որում նշվում է, որ Հանրային խորհրդի անդամներն ու նախագահը իրավունք չունեն զբաղվել քաղաքական գործունեությամբ: