Վատագույն բանակցություններով Ադրբեջանին ժամանակ տվեցին պատրաստվելու իր համար լավագույն պատերազմին. Փաշինյան
1999-ի հոկտեմբերի 27-ից հետո տարածքների փոխանակման փաստաթուղթը, որը ենթադրում էր Մեղրին փոխանակել ԼՂ-ի հետ, վերաձեւակերպվեց Քիվեսթյան գործընթացի, որի առանցքային իմաստը հետեւյալն էր. Հայաստանն Ադրբեջանին պետք է տար ոչ թե Մեղրիի շրջանն ամբողջությամբ, այլ այդտեղով անցնող արտատարածքային միջանցք, փոխարենը ստանալով Լաչինի միջանցքը: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, 44-օրյ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս տարեբարակում էական տարբերությունն այն էր, որ ԼՂ-ն պետք է ոչ թե Ադրբեջանի կազմից դուրս լիներ, այլ Ադրբեջանի կազմում ինքնավարության կարգավիճակով: Սա էլ լուսաբանված նրբություն չէ մեզանում: Բայց ինչպես գիտեք, Քի Վեստի տարբերակի շուրջ եւս կողմերը համաձայնության չեկան»,-ասաց նա:
Փաշինյանն անդրադարձավ նաեւ ԼՂ խնդրի լուծման «Ընդհանուր պետություն» տարբերակին՝ նշելով, որ այս տարբերակում ԼՂ-ն պետք է լիներ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների ներսում, եւ ԼՂ բնակիչներն էլ պետք է կրեին ադրբեջանական անձնագրեր՝ ԼՂ նշումով. «Ադրբեջանը չհամաձայնեց այդ տարբերակն ընդունել որպես բանակցությունների հիմք, որովհետեւ ԼՂ-ի բարձր ինքնավարության կարգավիճակը, որն առաջարկվում էր, շատ բարձր էր թվացել Ադրբեջանին: Այստեղ առանձքային նրբությունն այն է, որ 1998-ին Տեր-Պետրոսյանի դիրքորոշումները պարտվողական համարելու ֆոնին իշխանության եկած Ռոբերտ Քոչարյանը հենց պաշտոնավարման մեկնարկին, փակ դռների հետեւում սկսեց քննարկել եւ ընդունելի համարել այնպիսի տարբերակներ, որոնք ԼՂ-ն աներկբա ճանաչում էին Ադրբեջանի մաս:
Բայց սա տեղի էր ունենում բանակցային փաստաթղթերում, որոնք գաղտնի էին և հանրության աչից հեռու, իսկ պետական քարոզչության մակարդակում տեղի էր ունենում հակառակը»,- ասաց Փաշինյանը՝ նկատելով, որ ներքին լսարանի առջեւ տարածքերը դարձան ազատագրված, ազատագրված տարածքները դարձան հայրենիք:
«Բայց այսպես էր միայն հեռուստացույցի էկրաններին, բանակցությունների սեղանի շուրջ Վարանդան շարունակում էր մնալ Ֆիզուլի, Սանասարը՝ Կուբաթլի, «Մեխակավանը՝ Ջեբրայիլ, Կովսականը՝ Զանգելան, Քարվաճառը՝ Քելբաջար, Քարվաճառը՝ Լաչին, Ակնան՝ Աղդամ: Իսկ հողի վրա ազատագրված կամ օկուպացված տարածքներում հիմնականում մոլախոտ էր աճում, իսկ տեղ-տեղ որոշ որոշ գեներալներ էին հացահատիկ աճեցնում՝ օգտագործելով զինծառայողների ձրի աշխատուժն ու բանակի տեխնիկան ու վառելիքը: Իսկ ԼՂ-ն, որը բանակցություններում ճանաչվում էր Ադրբեջանի մաս, Հայաստանի պաշտոնյաների խոսույթում երբեք չէր եղել եւ չէր լինի Ադրբեջանի կազմում, որովհետեւ, ըստ այդ ընկալման, ինչպես Ադրբեջաբնն էր անկախացել ԽՍՀՄ-ից, այնպես էլ ԼՂԻՄ-ը:
Այս պայմաններում էր, որ Քիվեսթից հետո խմորվեցին-խմորվեցին և 2007 թվականին պաշտոնապես սեղանին դրվեցին Մադրիդյան սկզբունքները, որոնք ասում էին, որ ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշովի ապագայում տեղի ունենալիք հանրաքվեով։
Այս բարեհունչ ձևակերպմամբ վերջին քարը դրվեց ԼՂ-ի՝ Ադրբեջանի կազմում չլինելու դամբարանին, քանի որ այն պահին, երբ ՀՀ ու Ադրբեջանը համաձայնվեցին Մադրիդյան սկզբունքներն ընդունել որպես ԼՂ հարցի կարգավորման բանակցային հիմք, 1991 թվականի դեկտեմբերի 10-ին ԼՂ-ում տեղի ունեցած անկախության հանրաքվեի արդյունքներն առնվազն դիվանագիտական առումով և քաղաքականապես զրոյացվեցին այն պարզ պատճառով որ եթե կարգավիճակը որոշվելու էր ապագայում տեղի ունենալիք հանրաքվեով, ուրեմն անցյալում տեղի ունեցած հանրաքվեով կարգավիճակ չի որոշվել։
Այսինքն, հանրաքվեի միակ իմաստն ու նպատակը, որ ԼՂ կարգավիճակի որոշումն էր, անկախության ամրագրումը, որպես բանակցային գործոն այդ պահից զրոյացել է»,- ասաց նա։
Փաշինյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանն ու իր թիմը աֆռաջ բերեցին մի կասկածելի կարգախոս՝ «վատագույն բանակցություններն ավելի լավ են, քան լավագույն պատերազմը»: Բայց նրանք այդպես էլ չհասկացան, որ վատագույն բանակցություններով Ադրբեջանին ժամանակ են տալիս պատրաստվելու իր համար լավագույն պատերազմին եւ մենք հետագայում կտեսնենք, թե ինչպես հիմնարար մակարդակում իր խնդիրները լուծելով, Ադրբեջանը պարզապես որդեգրեց «այն, ինչ ես ուզում եմ, տվեք ինձ խաղաղ ճանապարհով, յլապես ես դա կստանամ պատերազմով» սկզբունքը: