հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Վատ խաղաղությունը նախընտրելի է յուրաքանչյուր պատերազմից. Ղրղզստանի խորհրդարանի նախագահը՝ ՀՀ ԱԺ նախագահին

Վատ խաղաղությունը նախընտրելի է յուրաքանչյուր պատերազմից. Ղրղզստանի խորհրդարանի նախագահը՝ ՀՀ ԱԺ նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 28-ին հանդիպել է Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու քենեշի (խորհրդարանի) նախագահ Տալանտ Մամիտովին:

Կողմերը քննարկել են ԱՊՀ ՄԽՎ շրջանակներում փոխգործակցության հեռանկարները՝ արձանագրելով խորհրդարանական դիվանագիտության և բարեկամական խմբերի ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է երկու երկրների պատվիրակությունների կառուցողական համագործակցությունն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում և այլ խորհրդարանական հարթակներում:

Ղրղզ գործընկերը հիշեցրել է 1994 թ. Բիշքեկում ստորագրված Լեռնային Ղարաբաղի հրադադարի վերաբերյալ արձանագրությունը՝ փաստելով, որ վատ խաղաղությունը նախընտրելի է յուրաքանչյուր պատերազմից: Անդրադառնալով տարածաշրջանի անվտանգության և խաղաղության հաստատման հարցերին՝ երկուստեք կարևորվել է խաղաղության օրակարգի սատարումը:

Ի թիվս քննարկումների լայն շրջանակի՝ մտքեր են փոխանակվել նաև ապակենտրոնացված համագործակցության շուրջ: Այս համատեքստում առանձնացվել են երկրորդ քաղաքներ Գյումրիի և Օշի, ինչպես նաև Շիրակի և Օշի համապատասխան համալսարանների միջև փոխանակման առաջիկա ծրագրերը:

  • Կիսվել: