հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վարչապետը ներկայացրել է՝ ինչու է պաշտոնից ազատվել Էրիկ Գրիգորյանը

Վարչապետը ներկայացրել է՝ ինչու է պաշտոնից ազատվել Էրիկ Գրիգորյանը

Ես նախ ուզում եմ պարոն Գրիգորյանին շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի համար, այսօր Ազգային ժողովում պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտարարց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու է պաշտոնից ազատվել շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Հիշեցնենք՝ Շրջական միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հրաժարական էր ներկայացրել և նախագահի հրամանագրով ազատվել պաշտոնից։

«Համոզված եմ, որ նա այս ընթացքում արել է առավելագույնը՝ առավելագույն արդյունքների հասնելու համար: Բայց աշխատանքն ինքը բարդ երևույթ է, և գալիս են հարցեր, փուլեր, երբ անհրաժեշտ է լինում կայացնել որոշումներ: Եվ կայացվել են որոշումներ: Եվ այդ կայացված որոշումը չի նշանակում, որ կամ ամեն ինչ գերակատարվել է, կամ ամեն ինչ թերակատարվել է: Ճշմարտությունը մեջտեղում է»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով, բնապահպանական ոլորտում, այդ թվում՝ նախարար Գրիգորյանի մասնակցությամբ ու նախաձեռնությամբ շատ էական հաջողություններ եղել են: Մասնավորապես, նրա խոսքով, 2018-ից մինչև օրս ըստ էության փոքր ՀԷԿ-երի ջրաչափման խնդիրը գրեթե ամբողջությամբ լուծված է: Այս ընթացքում Արարատյան դաշտի ստորերկրյա հորեր են կոնսերվացվել, նախորդ տարի 500 հազար ծառ է տնկվել:

«Ես մի քանի անգամ ասել եմ, մեկ-մեկ կարծում եմ նման հայտարարություներ անելով անարդար եմ գտնվում կառավարության անդամների նկատմամբ՝ գոհ եմ, թե գոհ չեմ աշխատանքից: Ես բազմիցս ասել եմ՝ եթե դուք ինձ հարցնեք՝ ես իմ աշխատանքից գոհ եմ, թե չէ, ես կասեմ՝ ոչ: Սա չի նշանակում, որ ես համարում եմ, որ պարապ եմ, ոչ մի բան չեմ անում: Բայց ես ուզում եմ, որ ինքս և մենք բոլորս միշտ անենք ավելին, քան հնարավոր է կամ անհնար է: Ես համոզված եմ, որ մենք ի վիճակի ենք անել անհնարը»,- հավելեց վարչապետը:

  • Կիսվել: