հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Ճապոնիայի դեսպանի հետ

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Ճապոնիայի դեսպանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Վարչապետը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում դեսպանի կատարած աշխատանքը՝ նշելով. «Մենք համատեղ ջանքերով կարողացել ենք էլ ավելի սերտացնել հայ-ճապոնական հարաբերությունները, որոնք շատ ենք կարևորում ու գնահատում: Հույս ունենք՝ առկա դինամիկան կպահպանվի ու էլ ավելի կզարգանա»: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկու երկրների միջև միջև առկա է արդյունավետ քաղաքական երկխոսություն, և Հայաստանը շնորհակալ է Ճապոնիայի կառավարությանը՝ տարբեր ոլորտներում, այդ թվում բնական աղետների դեմ պայքարի բնագավառում տեխնիկական աջակցություն տրամադրելու համար: Վարչապետը հաջողություն է մաղթել Ճապոնիային այս տարի ամռանը Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի կազմակերպման գործում և նշել, որ խաղերի հանդիսավոր բացմանը նախատեսվում է նաև հայաստանյան պատվիրակություն մասնակցությունը:

Ջուն Յամադան պատիվ է համարել Հայաստանում կատարած դիվանագիտական առաքելությունը և այդ ընթացքում կուտակած փորձառությունը: Նրա խոսքով՝ հայ և ճապոնացի ժողովուրդներն արժեհամակարգային, հոգևոր-մշակութային շատ ընդհանրություններ ունեն: Ճապոնիան պատրաստ է օժանդակել մեր երկրի զարգացման, ժողովրդավարության հզորացման, ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում: Այդ նպատակով Ճապոնիայի կառավարությունը մտադիր է տեխնիկական աջակցություն տրամադրել Հայաստանին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման համար: Հայաստանում Ճապոնիայի դեսպանը նշել է, որ ջերմ տպավորություններով է հեռանում մեր երկրից և իր հետագա գործունեության ընթացքում կշարունակի նպաստել հայ-ճապոնական բարեկամության ամրապնդմանը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման համար տեխնիկական օժանդակություն տրամադրելու պատրաստակամության համար և նշել, որ միջազգային գործընկերների հետ համագործակցությունը կնպաստի ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների անցկացմանը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից հետո ստեղծված իրավիճակին և ընդգծել, որ հայկական կողմերի համար շարունակում են առաջնահերթություն մնալ դեռևս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձը, Արցախում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումը, ինքնորոշման իրավունքի հիման վրա հակամարտության կարգավորումը: Վարչապետը կարևորել է այս ուղղությամբ միջազգային հանրության արձագանքը և այդ առումով հրավիրել նաև ճապոնական կողմի ուշադրությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տնտեսական կապերի ակտիվացման շուրջ: Երկուստեք հետաքրքրական է համարվել ենթակառուցվածքների ոլորտում գործակցությունը, կարևորվել է ներդրումային գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքը: ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը պատմել է, որ վերջերս Ճապոնիայում կայացած գինիների մրցույթում հայկական գինին առաջատար դիրք է զբաղեցրել:

Վարչապետն ընդգծել է՝ ՀՀ կառավարությունը ջանքեր կգործադրի, որպեսզի երկկողմ առևտրատնտեսական կապերը ընդլայնվեն, և հայկական արտադրանքը շարունակի հաջողություններ արձանագրել ճապոնական շուկայում: Նիկոլ Փաշինյանը Ջուն Յամադային մաղթել է ամենայն բարիք՝ նշելով, որ նա կշարունակի մնալ Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամը:

  • Կիսվել: