ուրբաթ, նոյեմբեր 6
6 / 11 / 2026
Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա Անդրեասյան

Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա Անդրեասյան

Բուհական համակարգի բարեփոխումները լինելու են Կառավարության ծրագրի տվյալ փուլի ամենակարևոր անելիքներից մեկը։ Արդեն իսկ հանրային քննարկման է ներկայացվել մի քանի նախագիծ, այդ թվում՝ կրթաթոշակային համակարգի նախագիծը, որն արտացոլում է այդ ուղղությամբ պետության ուղերձները։

«Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից ֆինանսական խնդիրների պատճառով»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ԱԺ-ում 2027 թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ՝ ներկայացնելով նախարարության ոլորտային հայտը։

Պաշտոնական հաղոևդագրության համաձայն, նա հավելել է, որ ներկայացվել է նաև բարձրագույն կրթության համակարգի կազմակերպման կարգը, որն ամփոփում է ընդունելության, ուսումնական գործընթացի կազմակերպման և բուհերի ամենօրյա աշխատանքի կարևոր հանգամանքները։ Ըստ նրա՝ սա ցույց է տալիս, որ բուհական բարեփոխումները մտնում են վճռորոշ փուլ, և առաջիկայում այդ ուղղությամբ կլինեն էական ու տեսանելի տեղաշարժեր։ Նա նաև հիշեցրեց, որ պայմանագրեր են կնքվել միջազգային հեղինակավոր բուհերի, ինչպես նաև QS վարկանիշավորման համակարգի հետ, որն ուղղված է բուհերի վարկանիշային առաջխաղացմանը։

Ժ. Անդրեասյանի նշմամբ՝ «Ակադեմիական քաղաք» ծրագիրն ամենակարևոր անելիքներից է։ Հաջորդ տարի նախատեսվում է մեկնարկել շինարարական աշխատանքները՝ սկսելով ուսանողական կացարաններից, որոնք առաջին փուլում նախատեսված են 3600 ուսանողի համար։

«Սա հնարավորություն կտա մինչև ակադեմիական քաղաքի ամբողջական ենթակառուցվածքների հասանելի դառնալը կացարանները տրամադրել մեր այսօրվա ուսանողներին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ կացարանների հարցը բազմաթիվ ուսանողների համար սոցիալական լուրջ խնդիր է։

Բացի այդ՝ ընթացքի մեջ են ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի ստեղծման, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների՝ ոռոգման համակարգի, էլեկտրական ցանցի և մյուս ուղղություններով աշխատանքները, և որոշ ուղղություններով արդեն իսկ կնքվել են համապատասխան պայմանագրեր։

  • Կիսվել: