ուրբաթ, նոյեմբեր 6
6 / 11 / 2026
ՌԴ-ի սահմանափակումների հետևանքով մենք մեզ համար բացահայտել ենք նոր շուկաներ. Պապոյան

ՌԴ-ի սահմանափակումների հետևանքով մենք մեզ համար բացահայտել ենք նոր շուկաներ. Պապոյան

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է և մասնակցում է միության բոլոր գործընթացներին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«ԵԱՏՄ-ում չկա այդպիսի գործընթաց, որին լիիրավ չենք մասնակցում, կողմ ենք քվեարկում, վետոներ ենք դնում։ Մենք վարվում ենք այնպես, ինչպես ԵԱՏՄ անդամ մյուս երկրները։ ՌԴ-ի դեմ մի քանի այլ այդպիսի հայցեր կան, ուրիշ երկրների դեմ էլ կա, վաղն էլ կարող է ինչ-որ հարցով Հայաստանի դեմ լինել։ Չեմ հասկանում ձեր այդ ուշադրությունն այդ հարցի նկատմամբ»,- նշեց նախարարը։

Խոսելով Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի տնտեսական սահմանափակումների մասին՝ նախարարը նշեց, որ Էկոնոմիկայի նախարարությունն այդ հարցը դիտարկում է որպես տնտեսական վեճ և առաջնորդվում է իրավական ու տնտեսական փաստարկներով․

«Եթե կլինեն նաև այլ դրվագներ, այլ դրվագներով էլ կանդրադառնանք։ Քաղաքական հակափաստարկը ոչ մի արդյունք տալ չի կարող։ Քաղաքական հակափաստարկները պարզապես խոսույթներ են, որոնք սպասարկում են այլ շահեր, բայց գործնական օգուտ կարող է տալ բացառապես իրավական, տնտեսական փաստարկը»։

Նրա խոսքով՝ Հայաստանը Ռուսաստանի հետ այդ վեճում ընտրել է իրավական ճանապարհը։

«Օրինակ, եթե ձեզ ինչ-որ մեկը վիրավորել, զրպարտել է, երկու ճանապարհ կա՝ գնալ և բռնություն գործադրել, որն ինձ համար անընդունելի է, կամ գնալ և դատարանով պատիվ ու փոխհատուցում պահանջել, որն ինձ համար ընդունելի է։ Հիմա մենք ընտրել ենք իրավական ճանապարհը։ Մենք ՌԴ-ի հետ ունենք տնտեսական վեճ»,-հավելեց նա։

Անդրադառնալով գյուղմթերքի իրացման խնդիրներին՝ Պապոյանը վստահեցրեց, որ Ռուսաստանի սահմանափակումների հետևանքով հայկական արտադրանքը իրացման լուրջ խնդիրներ չի ունեցել։

«Ոչ մի պտուղ-բանջարեղեն չի մնացել, ամբողջն իրացրել են քաղաքացիները։ Մեր քաղաքացիները, ովքեր գյուղատնտեսությամբ են զբաղվում, ոչ մի խնդիր չեն ունեցել և չեն ունենա։ ՌԴ-ի կողմից դրված սահմանափակումների հետևանքով մենք մեզ համար բացահայտել ենք նոր շուկաներ, հայկական արտադրանքը հայտնվել է ԵՄ-ում, Մերձավոր Արևելքում, Կենտրոնական Ասիայի երկրներում։ Դա է պատճառը, որ դիվերսիֆիկացիան բավականին լավ տեմպերով առաջ է գնում, մի բան, որը նախկինում տեղի չէր ունեցել և չէր էլ կարող ունենալ։ Դրանով էլ մեր տնտեսության մրցունակությունն է ավելացել»։

 Ըստ Պապոյանի՝ այն կանխատեսումները, որ Հայաստանն անկումներ է ունենալու և հարյուր հազարավոր մարդիկ հայտնվելու են փողոցներում այդ սահմանափակումների պատճառով, սխալ էին. «Նույնիսկ մի քանի հարյուր մարդ էլ դուրս չի եկել փողոց, քանի որ այդ մարդկանց խնդիրները կառավարությունը հասցեական լուծել է»։

Ինչքա՞ն կարող է ՀՀ կառավարությունն աջակցել, սուբսիդավորել՝ Պապոյանը պատասխանեց. «ՀՀ պետական բյուջեն 10 տարի առաջվա պետական բյուջեն չի, 10 մլրդ դոլար և ավելին է, մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն 10 տարի առաջվանը չէ։ ՀՀ-ն սուբսիդավորում իրականացրել և իրականացնում է բացարձակապես արդյունավետության հիման վրա»։

  • Կիսվել: