«Եթե ինչ-որ բանի գինը 100 դրամ է, պետք է վճարել 100 դրամ, ոչ թե 80 դրամ+20 դրամի ինքնիշխանություն»․ Պապոյանը չբացառեց գազի գնի թանկացումը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անհիմն է համարում հայ տնտեսվարողների նկատմամբ Ռուսաստանի կիրառած սահմանափակումները։
«Չէր պլանավորվել, որ հայ արտադրողների մուտքը ռուսական շուկա անհիմն կսահմանափակվի, որպեսզի Հայաստանում որոշ քաղաքական ուժեր մի քանի տոկոս ձայն ստանան ու հայտնվեն Ազգային ժողովում։ Մենք կարծում ենք, որ անհիմն սահմանափակումները պետք է օր առաջ ավարտվեն»,- ԱԺ-ում հայտարարեց Պապոյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանից արտահանվող արտադրանքը շատ բարձր որակի է ու դրա ապացույցն այն է, որ ռուսական շուկայի փոխարեն հայկական ապրանքները շատ արագ հայտնվեցին Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի ու ԵՄ շուկաներում։
Ինչ վերաբերում է գազի գնին ու մյուս հարցերին՝ նախարարն ասաց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից ստանում է շատ ավելի քիչ, քան պետք է ստանար։
«Հայաստան-Ռուսաստան առևտրային հաշվեկշիռը մինչ ԵԱՏՄ մտնելը եղել է -700 միլիոն դոլարի կարգի, իսկ այսօր -2 միլիարդ է։ Մենք փողի փոխարեն ստացել ենք բնամթերք»,- ասաց նա։
Պապոյանը հայտարարեց՝ բոլորի համար պետք է ընդունելի լինի, որ ոչ միայն գազի, այլև ցանկացած ապրանքի համար պետք է վճարել փողով, ոչ թե ինքնիշխանությամբ։
«Ես կարծում եմ, որ եթե ինչ-որ բանի գինը 100 դրամ է, պետք է վճարել 100 դրամ, ոչ թե 80 դրամ+ 20 դրամի ինքնիշխանություն», - հավելեց նա։



