հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վարչապետն ու ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդականը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի շուրջ

Վարչապետն ու ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդականը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդի խորհրդական, արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ:

Վարչապետը կարևորել է պարոն Խարազիի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի  Հայաստան-Իրան հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԻԻՀ նախագահի հետ պայմանավորվել են հետևողական քայլեր ձեռնարկել առևտրաշրջանառության ծավալների շարունակական ավելացման ուղղությամբ: Միաժամանակ, վարչապետը նշել է, որ ջերմությամբ է հիշում ԻԻՀ գերագույն առաջնորդի հետ հանդիպումը և խնդրել նրան փոխանցել իր ջերմ ողջույնները:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան համագործակցության օրակարգին առնչվող տարբեր հարցեր: Դրանք վերաբերել են քաղաքական, տնտեսական կապերին, էներգետիկայի, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում փոխգործակցությանը և համատեղ նախագծերի իրականացմանը:

Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի շուրջ: Վարչապետն ընդգծել է ՀՀ առանցքային մոտեցումները տվյալ հարցի շուրջ:

Տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում վարչապետը կարևորել է ԻԻՀ դրական դիրքորոշումը ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի և դրա հիմքում դրված առանցքային սկզբունքների վերաբերյալ:

  • Կիսվել: