չորեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2026
Վարչապետի մամուլի քարտուղարը խոսել է ԱԲ-ով պայմանավորված ապատեղեկատվական ռիսկերի մասին

Վարչապետի մամուլի քարտուղարը խոսել է ԱԲ-ով պայմանավորված ապատեղեկատվական ռիսկերի մասին

Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կազմակերպած կլոր սեղան-քննարկման ընթացքում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը խոսեց ապատեղեկատվության տարածման նոր մեխանիզմների մասին՝ ընդգծելով արհեստական բանականության կիրառմամբ առաջացող ռիսկերը։ Բաղդասարյանը նշեց, որ վերջին շրջանում ապատեղեկատվական արշավների բնույթը էականորեն փոխվել է։

«Եթե նախորդող ժամանակահատվածում կեղծ լուրերը ակնհայտ աբսուրդի ժանրից էին, հիմա նարատիվները որոշակիորեն իրական փաստերի վրա են հենվում և շատ ակտիվ օգտագործում են արհեստական բանականությունը»,-ասաց նա։

Վարչապետի մամուլի քարտուղարը նշեց, որ այս միտումները հիմք են տալիս կանխատեսելու ապատեղեկատվության նոր ալիքներ։

«Սա է պատճառը, որ մենք ոչ միայն կանխատեսում, այլև կանխորոշում ենք, որ առաջիկա ժամանակահատվածում հնարավոր են արհեստական բանականությամբ ստեղծված փաստաթղթերի «արտահոսքեր», ինչպես նաև գործողություններ, որոնք կթվան իրական։ Խոսքը մասնավորապես վերաբերում է արհեստական բանականությամբ գեներացված ձայնային և տեսանյութային բովանդակությանը, որը շատ նման կլինի իրական պատկերներին»,-ընդգծեց Բաղդասարյանը։

Բաղդասարյանը հավելեց, որ այս մարտահրավերներին արձագանքելու նպատակով արդեն իրականացվել են օրենսդրական փոփոխություններ։

«Դրան է ուղղված նաև Ազգային ժողովում վերջերս ընդունված օրենսդրական փոփոխությունները, որոնք նախընտրական շրջանում պահանջում են մակնշել արհեստական բանականության կողմից գեներացված նյութերը, ինչը հնարավորություն կտա որոշակի տարբերակում իրականացնել»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ այս հարցում կարևոր դեր է ունեցել նաև միջազգային փորձը։

«Տարբեր երկրների փորձը մեզ օգնել է, և մենք կարողացել ենք որոշակի կանխարգելող միջոցներ ստեղծել, որոնք, հույս ունենք, կօգնեն»,-եզրափակեց Նազելի Բաղդասարյանը։

 

  • Կիսվել: