երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Վարչապետի խոսնակը հաստատեց. Անանյանի հեռանալը պայմանավորված է այն փաստով, որ նա հրաժարվել է աշխատանքից ազատել մաքսատան պետին

Վարչապետի խոսնակը հաստատեց. Անանյանի հեռանալը պայմանավորված է այն փաստով, որ նա հրաժարվել է աշխատանքից ազատել մաքսատան պետին

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հաստատեց Պետական եկամուտների մամուլի ծառայության կողմից տարածած այն տեղեկությունը, ըստ որի ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանի հրաժարականը պայմանավորված է այն փաստով, որ նա հրաժարվել է վարչապետի հրահանգով աշխատանքից ազատել մաքսատան պետին:

«Այո այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Ավելին ոչինչ ասել չեմ կարող»,- InfoPort.am-ին ասաց Գևորգյանը:

Նշենք, որ ըստ ՊԵԿ լրատվականի Անանյանի և վարչապետ Փաշինյանի միջև տարաձայնությունը եղել է աշխատանքային բնույթի՝ կապված կադրային խնդրի հետ եւ Դավիթ Անանյանը նախընտրել է ինքն անձամբ հեռանալ, քան թե ոլորտում երկարամյա փորձ ունեցող արդյունավետ կադրերից մեկին հեռացնի։

«Աշխատանքից ազատման դիմում գրած ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև մասնագիտական պրոֆեսիոնալ դաշտում որևէ խնդիր չի եղել»,– ասացին ՊԵԿ լրատվական ծառայությունից։

Նշենք, որ ամենայն հավանականությամբ խոսքը Արարատյան մաքսատան ղեկավար Մհեր Մարտիրոսյանի մասին է: Անանյանի հրաժարականից մի օր առաջ վարչապետը մաքսատանից նկար էր հրապարակել, որտեղ երևում էին մարդկանց կուտակումներ ի հեճուկս պարետատան որոշման: Այս առնչությամբ վարչապետը գրել էր. «Սա անհետևանք չի մնա»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ InfoPort.am-ին հայտնի էին դարձել շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հրաժարականի պատճառները, որը մոտավորապես նույն սցենարով էր տեղի ունեցել:

Սկզբում վարչապետի զարմիկ, պատգամավոր Սիփան Փաշինյանը Գրիգորյանից պահանջել էր վերականգնել աշխատանքից կարգազանցության համար հեռացված Տավուշի անտառապետ Նորայր Պապյանին, իսկ երբ նախարաըը մերժել էր, նույն հարցով նրան իր մոտ էր հրավիրել նաև վարչապետը: Գրիգորյանը գերադասել էր հրաժարական ներկայացնել, քան թե աշխատանքի վերականգնել կարգազանց անտառապետին:

  • Կիսվել: