ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Էրիկ Գրիգորյանի հրաժարականը Սիփան Փաշինյանի միջամտությամբ է տեղի ունեցել․ Աղբյուր

Էրիկ Գրիգորյանի հրաժարականը Սիփան Փաշինյանի միջամտությամբ է տեղի ունեցել․ Աղբյուր

Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանի հրաժարականը, որը նա տվել էր դեռ մայիսի 7-ին, շարունակում է հարցեր առաջացնել, քանզի կառավարությունից որևէ մեկը, այդ թվում՝ վարչապետը դեռևս հոդաբաշխ չի բացատրել դրա պատճառները:

Այն, որ հրաժարականի լուրը խիստ անակնկալ է եղել Գրիգորյանի ու նրա աշխատակազմի համար, փաստում են InfoPort.am-ի աղբյուրները։ Նախարարությունում հրաժարականի լուրն իմանալուց հետո հրաժարական են փորձել գրել նաև գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաներ, սակայն ինքը՝ Գրիգորյանը համոզել է նրանց չդիմել այդ քայլին։

Այդուհանդերձ, մեր աղբյուրները պնդում են, որ վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էրիկ Գրիգորյանի միջև հարաբերությունները լարված են եղել, քանի որ Էրիկ Գրիգորյանը համառորեն հրաժարվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի ընկերոջը՝ Նորայր Պապյանին նշանակել Տավուշի մարզի անտառտնտեսությունում։

Պապյանին նշանակելու լոբբինգը մի քանի ամիս շարունակ իրականացրել է հենց Սիփան Փաշինյանը, սակայն Էրիկ Գրիգորյանը հրաժարվել է կատարել նրա ցանկությունը՝ հաշվի առնելով նախկինում Պապյանի ունեցած աշխատանքային վատ համբավը։ Այդ վեճը հարթելու համար Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Գրիգորյանի հետ և ասել, որ Պապյանը պետք է նշանակվի այդ պաշտոնում, սակայն նախկին նախարարը պնդել է իրենը։ Պապյանին նշանակելու կամ հրաժարական տալու միջև Գրիգորյանը ընտրել է երկրորդը։

Հատկանշական է, որ նախկին նախարարի հրաժարականից հետո Պապյանը նշանակվել է  Արծվաբերդի անտառտնտեսության պետ, ինչից հետո տարածաշրջանից անտառահատումների քանակը աճել է։ Մանսավորապես, ՇՄ-ից տեղեկացնում են, որ մայիսի 12-ից մինչև մայիսի 19-ին անտառային պահաբաժինների ստուգումների արդյունքում «Վանաձորի», «Իջևանի», «Տաշիրի», «Արծվաբերդի», «Լալվարի», «Ստեփանավանի» անտառտնտեսությունների մասնաճյուղերի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է անտառխախտման 8 դեպք (921 հատված ծառ)։ Անտառախախտման 8 դեպքերից միայն մեկն է  բացահայտվել։

Պապյանը, ի դեպ, մինչև 2020 թվականի հունվար ամիսը աշխատել է այս անտառտնտեսության տնօրենի պահպանության գծով տեղակալի պաշտոնում։

Մենք փորձեցինք իրավիճակի առնչությամբ ստանալ և Էրիկ Գրիգորյանի, և Սիփան Փաշինյանի մեկնաբանությունները, սակայն վերջիններս հեռախոսազանգերին չեն պատասխանում։

  • Կիսվել: