հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Վարչապետի առանձնատան վերանորոգման վրա ծախսված գումարը աֆրիկական սաֆարիներիում մեկ սպանված առյուծի գնից ավելի բարձր չէ. Եղոյանը՝ Խամոյանին

Վարչապետի առանձնատան վերանորոգման վրա ծախսված գումարը աֆրիկական սաֆարիներիում մեկ սպանված առյուծի գնից ավելի բարձր չէ. Եղոյանը՝ Խամոյանին

Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովում քննարկվում է «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» եվրոպական կոնվենցիան վավերացնելու մասին փաստաթուղթը:  

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը ներկայացնելով փաստաթուղթն ասաց, որ այն ստորագրվել է 2009 թ-ի հունիսի 18-ին, որի նպատակն է եղել պետության յուրաքանչյուր ներկայացուցչի հարցման հիման վրա առանց որևէ խտրականության պետության տնօրինման տակ գտնվող փաստաթղթերի մատչելիության իրավունքի ապահովումը: ՀՀ-ի կողմից այն ստոագրվել է 2020 հունիսի 20-ին՝ Եվրոպայի խորհրդում ՀՀ պաշտոնական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանի կողմից:

Թումանյանցը նշեց, որ ՀՀ-ում տեղեկատվության ազատության, թափանցիկության ապահովման համար և տեղեկատվության ազատության ոլորտում դատական և իրավունքի կիրառման պրակտիկան հիմնականում ձևավորվել է 2003 թ-ին, երբ ընդունվել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, սակայն մինչ օրենքի ընդունումն էլ ՀՀ-ն ունեցել է  տեղեկատվական ազատության իրավունքի մասին որոշակի պրակտիկա, որն արտացոլվել է, թե դատարանների որոշումներում, թե համապատասխան սահմանադրական և օրենսդրական այլ նորմատիվ ակտերում:

Թումանյանցի խոսքով, կոնվենցիայով նախատեսված պարտավորությունները Հայաստանն արդեն լիովին իրականացրել է հենց սեփական օրենսդրությամբ և պրակտիկայով, հետևաբար կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանը չի ստանձնում այնպիսի պարտավորություններ, որոնք իրավական տեսանկյունից լրացուցիչ են կամ կարող են բեռ հանդիսանալ ՀՀ-ի համար:    

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե արդյո՞ք կոնվենցիայի վավերացումը հնարավորություն կտա լույս սփռել այն հարցի վրա, թե օրինակ, որքան գումար է ծախսվել վարչապետի առանձնատան վերանորոգման վրա՝ Թումանյանցը պատասխանեց, որ տեղեկատվության ազատության կարգավորումներով որոշ ինֆորմացիա կարող է փակ լինել, որոշ ինֆորմացիա կարող է բաց լինել:

«Ձեր մտահոգությունները իմ պատկերացմամբ, կապված է նրա հետ, որ Ձեր պատկերացմամբ՝ կա կարգավորումների սխալ բալանսավորում: Դա բավական լուրջ իրավական վեճ է, ընդհուպ՝ մինչև Եվրոպական դատարանի 100-ավոր վճիռներ կան նման հարցերի վերաբերյալ՝ կոնվենցիան հենց այդ բալանսավորման մասին է»:

Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն էլ դիմելով Խամոյանին՝ ասաց.  «Զարմանում եմ Ձեր ընտրած մարտավորության վրա, դուք այստեղ ներկայացնում եք դոլարային միլիոնատերերի խմբակցություն և հիմա փորձում եք մարդկանց ուշադրությունը գրավել և ՀՀ վարչապետի առանձնատան վերանորոգման վրա ծախսված գումարի հարց եք բարձրացնում, համոզված եղեք, որ այդ գումարը աֆրիկական սաֆարիներիում մեկ սպանված առյուծի կամ բիզոնի գնից ավելի բարձր չէ, մի խմբաքանակ ներմուծված «Տոյոտայի» շահույթից ավելի շատ չէ: Հարուստների կուսակցությունից եկել եք՝ ուզում եք միջին եկամուտներով մարդկանց ուշադրությունն եք փորձում գրավել, մի քիչ նարատիվը փոխեք, իմ կարծիքով չի սազում»:  

  • Կիսվել: