կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վահանը մեր թիմին միացել է ամենածանր ու բարդ շրջանում, երբ անգամ հին թիմակիցներից ոմանք դժվար պահին հեռացան. Թունյանը՝ Քերոբյանի մասին

Վահանը մեր թիմին միացել է ամենածանր ու բարդ շրջանում, երբ անգամ հին թիմակիցներից ոմանք դժվար պահին հեռացան. Թունյանը՝ Քերոբյանի մասին

Չնայած տարբեր ժամանակներում տարբեր հարցերի շուրջ Վահան Քերոբյանի հետ ունեցել ենք տարբեր կարծիքներ, ընդհուպ՝ հրապարակային թեժ բանավեճեր, այդուհանդերձ, նրան համարում եմ Հայաստանի էկոնոմիկայի ամենաարդյունավետ նախարարներից մեկը: Միշտ ասել եմ, որ նա տարբերվում է համարձակ մոտեցումներով, նախաձեռնողականությամբ, իր կարծիքն անկաշկանդ արտահայտելու և իր գաղափարների համար «կռիվ տալու» հատկությամբ, սկզբունքայնությամբ և զարմանալի աշխատասիրությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին պաշտոնանկությանն ու նրա դեմ քրեական հետապնդում սկսելուն։

«Ու չնայած նշածս որոշ հարցերում տարբեր կարծիքներին՝ Վահանի հետ շատ արդյունավետ աշխատել ենք բազում նախագծերի շուրջ, որոնք նպաստել են մեր տնտեսական աճին, ներդրումների ներգրավմանը, մեր երկրի բիզնես միջավայրի բարելավմանը և ճանաչելիության բարձրացմանը:

Այս մասին ասել եմ թե՛ գործընկերներիս հետ մասնավոր զրույցներում, թե՛ հրապարակային՝ տարբեր հարցազրույցներում: Սակայն որոշ ԶԼՄ-ներ հանկարծ հիշել են իմ և Քերոբյանի տարաձայնությունների մասին, իսկ որոշ մարդիկ չարախնդում կամ ծաղրում են նրա 3 տարվա աշխատանքը: Ինչ-որ իմաստով այս գրառումս կարող եք դիտարկել նաև որպես արձագանք և հիշեցում:

Վահանը մեր թիմին միացել է ամենածանր ու բարդ շրջանում, երբ անգամ հին թիմակիցներից ոմանք դժվար պահին հեռացան, և այս 3 տարիների ընթացքում շատ բան է արել մեր երկրի համար:

Իսկ հարուցված քրեական գործի մասին կարծիք չեմ հայտնում և չեմ հայտնի. դա իմ իրավասություններից դուրս է՝ պրոցես է ընթանում, ավարտվելուց հետո ամեն ինչ պարզ կլինի»,-նշել է նա:

  • Կիսվել: