հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Վահագն Խաչատուրյանը շատ պիտանի մարդ է Հայաստանի Հանրապետության համար. Խաչատուր Սուքիասյան

Վահագն Խաչատուրյանը շատ պիտանի մարդ է Հայաստանի Հանրապետության համար. Խաչատուր Սուքիասյան

Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը քննարկվել է կուսակցությունում: Իհարկե, հնարավոր է, դրանից առաջ այլ թեկնածուներ ևս եղել են: Ես՝ որպես խմբակցության անդամ, ունեմ մեկ ձայնի իրավունք և քվեարկելու եմ Վահագն Խաչատուրյանի օգտին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի պաշտոնում ՀՀ ԲՏԱ նախարարի թեկնածությանը:

Հարցին ի պատասխան՝ կարո՞ղ է անկախ գործել Խաչատուրյանը, պատգամավորն ասաց՝ Խաչատուրյանը կուսակցական չէ, նա ՀՀ շատ լավ քաղաքացի է, գրագետ է, ճանապարհ է անցել, եղել է քաղաքական համակարգում: 

«Երբ ՀՀ-ն անկախացել է, նա եղել է ակունքներում, եղել է կառավարման համակարգում և շատ պիտանի մարդ է Հայաստանի Հանրապետության համար»,- նշեց պատգամավորը՝ ընդգծելով, որ ՀՀ հիմքերը պետք է լինեն ամուր, իսկ անձերը երկրորդական են: 

«Ես ուզում եմ՝ ՀՀ-ն լինի ամուր, կայուն, հզոր, զարգանա տնտեսությունը, առանց որի Հայաստանը չի կարող զարգանալ: Առանց իր հարևանների հետ լավ հարաբերությունների չի կարող զարգանալ: Եվ այս անվտանգային խնդիրները նույնպես շատ կարևոր են: Իսկ իմ կարծիքով, ինչքան ճանաչում եմ 30 տարվա մեջ, Նիկոլ Փաշինյանը ամենակամային, խելացի քաղաքական այրերից է ՀՀ պատմության մեջ: Ես առաջնորդվում եմ միայն ու միայն պետական շահով, իսկ կուսակցական նեղ, խմբակային շահերն անընդունելի են»,- ասաց Սուքիասյանը:

Պատգամավորի խոսքով՝ բոլոր այն բացթողումները, որոնք հնարավոր է՝ ՀՀ հիմքերը խարխլեն, դրանք պետք է շատ արագ շտկվեն:

  • Կիսվել: