երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Ավելի կայուն և անվտանգ Հայաստան փնտրելիս

Ավելի կայուն և անվտանգ Հայաստան փնտրելիս

Վերջին շրջանի թեժացած ու ծայրաստիճան լարված քաղաքական քննարկումները ցույց են տալիս, թե որքան փխրուն է մեր երկրի կայունութունը և ինչ էական ու հետևողական ջանքեր պետք է գործադրել մեր անվտանգությունը ամրապնդելու համար: Ներքաղաքական լարված մթնոլորտը հասկանալի կերպով ստվերում է ուշադրությունը արտաքին քաղաքական անցուդարձից, չնայած պարզ է, որ այսօր չուսումնասիրել արտաքին քաղաքական վեկտորների, քաղաքական նախապատվությունների ու կողմնորոշումների հարցերը հնարավոր չէ, որովհետև, խոշոր հաշվով, դրանցից է կախված մեր անվտանգությունը: Ստորև կուզենայինք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել մեր դիտարկումները առավել զգայուն տարածաշրջանային քաղաքական ու տնտեսական հիմնախնդիրների վերաբերյալ:

Հայ-թուրքական կարգավորումը կախված է հայ-ադրբեջանական կարգավորումից

 Այս թեզը, որ հասկանալի է դարձել դեռևս «ֆուտբոլային դիվանագիտության» տարիներից, շարունակում է մնալ Հայաստանի և Սփյուռքի հայության մտահոգ ուշադրության կենտրոնում: 20-րդ դարի սկզբի պատմությունից քաջ հայտնի է, որ Թուրքիան համաձայն էր այնպիսի Հայաստան պետության գոյությանը, որը որևէ կերպ չէր խանգարում Թուրքիա-Ադրբեջան կապերին ու փոխգործակցությանը: Դրա համար և 1918, և 1920 թթ. Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել էր ճանապարհ տալ թուրքերին և ադրբեջանցիներին անարգել հաղորդակցվելու համար: Խորհրդային կարգերի հաստատումից և Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի ստորագրումից հետո Զանգեզուրը և Բորչալուի գավառը միացվեցին Հայաստանին և մեր երկրի տարածքը մեծացավ երեք անգամ: Անմիջապես էլ որոշվեց, որ Նախիջևանը Ադրբեջանի հետ կապ է ստանալու Մեղրիի ավտոճանապարհով և երկաթգծով և Խորհրդային Միության բոլոր տարիներին Մեղրիի ճանապարհահատվածը (ինչպես և ամբողջ Նախիջևանի հարևանության սահմանամերձ ճանապարհները) հսկվում էին ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի սահմանապահ զորքերի ուժերով: Միանգամից ասենք, որ հենց այդ խորհրդային նախադեպը նկատի ունի Ռուսաստանը, երբ պնդում է, որ Մեղրիով անցնող ճանապարհով ադրբեջանական և թուրքական տրանսպորտային միջոցների երևթևեկության վերահսկումը իրականացնեն ռուս սահմանապահները: Ինչպես հայտնի է, այս գաղափարին Ադրբեջանը դեմ չէ: Մնում է Հայաստանի որոշումը, որն առայժմ դրա դեմ առարկություններ ունի:

Հարկ է հիշեցնել, որ քայլերի կուռ տրամաբանությունը թելադրում է իմանալ, որ ռուս սահմանապահներն են այսօր իրականացնում հայ-թուրքական և հայ-իրանական սահմանի պաշտպանությունը: Նրանցից պահանջելով հեռանալ Երևանի Զվարթնոց օդանավակայանի սահմանապահ կետերից, Հայաստանը շարունակում է համաձայնել, որ նրանք պահպանեն հայ-թուրքական և հայ-իրանական սահմանները: Հետևաբար, այստեղ դեռ բանակցելու տեղ կա և այդ հարցը ավելի կպարզվի, երբ հայ-ադրբեջանական սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը ավարտվեն: Դրանից հետո մյուս հարցերը հասկանալի կերպով ավելի արագ են լուծվելու: Այդ թվում վերջնական պարզություն կմտնի նաև այն հարցում, թե ինչպես են անարգել հաղորդակցվելու Նախիջևանը (նաև Թուրքիան) Ադրբեջանի հետ Հայաստանի տարածքով:

Իրանի դիրքորոշումը շատ կարևոր է

 Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական դիրքորոշումը Հայաստանի հարցում շատ հստակ ու անփոփոխ է: Իրանը ցանկանում է բարեկամական և բարիդրացիական հարաբերություններ ունենալ Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների հետ: Իրանը պնդում է, որ այս պետությունների (նախ և առաջ Հայաստանի) սահմանները անխախտ լինեն և տարածաշրջանային խաղաղությունը պահպանվի: Ադրբեջանին հետաքրքրում է, թե որքանո՞վ է հետևողական Իրանն այս դիրքորոշումն արտահայտելիս և ի՞նչ կարող է անել, եթե ինքն ուզենա ուժային, ագրեսիվ գործողություններով օրինակ զավթել Հայաստանի հարավային շրջանները: Իրանի պաշտոնական ներկայացուցիչը հերթական անգամ Թուրքիայի արտգործնախարարին հստակ շարադրել է պաշտոնական Թեհրանի տվյալ դիրքորոշումը և ցույց է տվել, որ հնարավոր ագրեսիայի դեպքում ինքն անտարբեր չի մնա: Սակայն պետք է հասկանալ, որ Իրանի վրա հույս դնելուց առաջ Հայաստանը պետք է իր սեփական հետևողական քայլերն անի անվտանգությունն ամրապնդելու և ինքնիշխան սահմանները պաշտպանելու համար: Դրա համար աշխույժ միջազգային, այդ թվում Արևմուտքի հետ բանակցություններն ու զանազան շփումները շարունակվում են, և դրանց հռչակված նպատակը հայ-ադրբեջանական արժանապատիվ և արդար խաղաղության հաստատումն է: Արժե ասել, որ և՛ Թուրքիան, և՛ Իրանը սպասում են, որ Հայաստանը Ադրբեջանին կապող տրանսպորտային բոլոր ուղիները շուտափույթ բացվեն և Հարավային Կովկասը վերածվի աշխույժ ու կայուն աշխատող տրանսպորտային հանգույցի: Սա է ցանկանում նաև Ռուսաստանը: Նպատակը մեկն է: Բոլորը սպասում են Հյուսիս-Հարավ ռազմավարական առանցքի ամբողջական գործարկմանը: Ոչ ոք չի կարող ասել, թե դեռ որքան կտևի Ուկրայինական ճգնաժամը: Նույնիսկ ամենահամարձակ արևմտյան դիտորդները, որոնք սկսել են խոսել խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասին, շատ են դժվարանում կանխատեսել, թե երբ կավարտվի ռազմական առճակատումը: Հենց դրա համար էլ Հարավային Կովկասով ր Կասպից ծովով, մասամբ նաև Կենտրոնական Ասիայով անցնող տրանսպորտային մայրուղիները ձեռք են բերել բացառիկ կարևոր նշանակություն:

ԲՐԻՔՍ-ի շրջանակներում ողջույնի արժանացած այս ծրագիրը, որով Հնդկաստանը իրանական նավահանգիստների միջոցով կապվում է Ռուսաստանի հետ, առաջին հերթին, իհարկե, վերաբերում է Ադրբեջանին, հետո նոր միայն Վրաստանին ու մեր երկրին: Իրանական գործընկերների հետ քննարկումներից հետո, Ռուսաստանի փոպվարչապետը անցյալ շաբաթ հայտարարեց, որ լուրջ ներդրումներ են կատարվոլու Իրան-Ադրբեջան երկաթուղային ճանապարհը գործարկելու և Ադրբեջանի առափնյա մայրուղիներով Իրանը Ռուսաստանին կապելու նպատակով:

Համոզված կարող ենք ասել, որ Իրանի ցանկությունը Հայաստանի հետ նույնպես զարգացնելու տրանսպորտային համագործակցություն, հաստատուն է և ունենալու է գործնական շարունակություն: Սկսած այն հարցից, որ Իրանը կուզենար երկրորդ, ավելի բանուկ կամուրջը ունենալ Արաքսի վրայով Հայաստանի սահմանին, վերջացրած Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շուտափույթ ավարտը, խոսում է Իրանի լուրջ սպասելիքի մասին:

Ընդհանրապես, հայկական գիտափորձագիտական հանրության շրջանում արժե մի բանիմաց քննարկում ծավալել այն մասին, թե ԵԱՏՄ-ի անդամ Հայաստանը անկեղծորեն ցանկանու՞մ է արդյոք ըստ ամենայնի խորացնել համագործակցությունը Իրանի հետ: Կարևոր է հասկանալ նաև, մենք, որ ԵԱՏՄ-ի կողմից լիազորված ենք եղել բանակցելու հարևան Իրանի հետ ազատ առևտրի գոտին կյանքի կոչելու համար, այժմ անկեղծորեն մտադիր ենք այսօր զարկ տալ խորացված համագործակցությանը: Հասկանալի է, որ բոլորի հայացքներն ուղղված են Արևմուտքի արգելամիջոցներին և դրանք խախտելու ճանապարհով ո՛չ Հայաստանը, ո՛չ Վրաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը չեն գնալու: Բայց առևտրատնտեսական համագործակցության նոր, ոչ ստանդարտ, ճարպիկ միջոցներ գտնելն ուղղակի պարտադիր է, եթե մենք ցանկանում ենք լիարժեքորեն կյանքի կոչել այն ահռելի ներուժը, որ ունի մեր համագործակցությունը հարևան Իրանի և նրա տարածքով Հնդկաստանի հետ:

Չինաստանը ամրապնդվում է Հարավային Կովկասում

 Չինաստանը Հարավային Կովկասում սկսել է վարել աշխույժ քաղաքականություն: Հայաստան ժամանած չինացի քաղաքագետները մի քանի ամիս առաջ ցանկանում էին պարզել, թե ի՞նչ խորության հարաբերություններ է պատրաստ զարգացնել Հայաստանը իրենց երկրի նկատմամբ: Գաղտնիք չէ, որ մեր հասարակության մեջ աշխուժորեն քննարկվում է նաև այն հարցը, թե կարո՞ղ է արդյոք ՉԺՀ-ն որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ Հայաստանի հարցում հանդես գալ որպես անվտանգության և ինքնիշխանության երաշխավոր: Մասնագետների համար առաջին հայացքից զարմանալի թվացող նման հարցադրումը Հայաստանում գոյության իրավունք ունի, որովհետև ոչ ոք չգիտի, թե էքստրեմալ իրավիճակներում ո՞վ է երաշխավորելու մեր երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը: Չինաստանը Ռուսաստանի հետ զարգացնում է ռազմավարական գործընկերային հարաբերություններ և ԵԱՏՄ-ն ներառել է «Մեկ գոտի, մեկ ուղի» հայտնի նախաձեռնության մեջ: Գրեթե վստահ կարելի է ասել, որ Հայաստանի հետ Չինաստանը զարգացնելու է այնպիսի հարաբերություններ, որոնք կտեղավորեն Չինաստան-Ռուսաստան մեծ համագործակցության ծրագրում: Թե՛ Վրաստանում, թե՛ Ադրբեջանում Չինաստանն իրականացնում է շատ ավելի պատկառելի տնտեսական ծրագրեր: Բացարձակապես Հայաստանի պատասխանատուներից է կախված, թե ինչ զարգացում կունենան Հայաստան-Չինաստան հարաբերությունները: Երբ մենք խոսում ենք Արևմուտք-Արևելք տրանսպորտային միջանցքի զարգացման մասին, մենք հասկանում ենք, որ Հարավային Կովկասով Թուրքիան Կենտրոնական Ասիային այս ճանապարհը այսօր արդեն շատ ավելի նվազ առարկություններ ունի Ռուսաստանի կողմից, քան, ասենք, տասը կամ քսան տարի առաջ: Ռուսական պատասխանատուները հիմա բացիեբաց ասում են, որ հավասարապես շահագրգռված են Կովկաում Հյուսիս-Հարավ և Արևմուտք-Արևելք միջանցքների շուտափույթ գործարկմամբ:

 Հայ-ռուսական պաշտոնական հարաբերությունները ցածր մակարդակի վրա են

 Այս հանգամանքը չի կարող չմտահոգել Հայաստանի անվտանգության և կայունության խնդիրներին տեղյակ մասնագետներին: Առայժմ երկկողմ պաշտոնական հարաբերությունները Ռուսաստանի հետ շարունակում են վատթարանալ: Այս մասին զգուշացնում են ռուս փորձագետները, որոնք փորձում են նույնիսկ կանխատեսումներ անել, թե կգնա՞ արդյոք Ռուսաստանը Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները կրճատելու ճանապարհով: Առայժմ Մոսկվայում գերիշխում է այն կարծիքը, որ պաշտոնական հարաբերությունները Հայաստանի իշխանությունների հետ մի բան են, իսկ համագործակցության միլիոնավոր թելերը երկու ժողովուրդների միջև՝ այլ բան: Ռուսաստանի պաշտոնյաները վստահելի զրույցներում ասում են, որ ստեղծված իրավիճակում Մոսկվան ցանկանում է առաջ մղել գիտական, մշակութային հումանիտար, քաղաքակրթական կապերը Հայաստանի հետ, փորձելով դրանով լցնել առաջացած տհաճ վակուումը: Հայ-ռուսական քաղաքական հարաբերությունների բարելավմանը սպասում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ Հայաստանի տնտեսական զարգացումը հնարավոր է միայն այդ կապերը գնալով ավելի մեծ թափով զարգացնելով: Թե՛ Ադրբեջանը, և թե՛ նույնիսկ Վրաստանը ունեն ավելի ակտիվ հարաբերություններ այսօրվա Ռուսաստանի հետ, քան Հայաստանի արևմտամետ իշխանությունները: Կրկնում ենք, Հայաստանը պետք է մտածի բոլոր հարևանների հետ հարաբերությունները բարելավելու մասին, ոչ երբեք՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հաշվին: Այս թեման շատ մոտ ապագայում լուրջ տեղ է գտնելու մեր հասարակական-քաղաքական խոսույթում: Դա է թելադրում քաղաքականության տրամաբանությունը:  

Արամ Սաֆարյան

Քաղաքական վերլուծաբան,

Եվրասիական փորձագիտական  ակումբի համակարգող

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: